Եռյակը հանրահավաքի մասին իրազեկել է պետական գերատեսչություններին

IMG_4661 Ոչ իշխանական եռյակի հանրահավաք, Ազատության հրապարակ, հոկտեմբերի 24, 2014թ.:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին պատշաճ կարգով իրազեկվել է փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Մենք վստահ ենք, որ պահն է ասելու` վե՛րջ արտագաղթին, վե՛րջ աղքատությանը, վե՛րջ ամեն օր ժողովրդին կրկին ու կրկին հուսախաբ անելուն և անդունդը գցելուն:Հրավիրվում է համազգային խորհրդակցություն, որպեսզի լսվի ժողովրդի խոսքը, քննարկվի ժողովրդի հետ մեր միասնական գործողությունների հետագա ընթացքը:Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին:

Եվ ինչպես ժողովուրդը կորոշի, այդպես էլ կլինի:

Կրկին հիշեցնեմ, որ մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է Սահմանադրության և օրենքի տառին համահունչ»,- գրել է պատգամավորը:

Այս պահին Երևանի քաղաքապետարանի կայքի հանրային հավաքներ բաժնում եռյակի հանարահավաքի վերաբերյալ իրազեկում դեռևս զետեղված չէ:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Նույն օրը Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ծառուկյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ փետրվարի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ազատվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից: Բացի այդ` Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին` ստուգելու Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործական գործունեության տակ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:

Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Նույն օրը նա առանձին հանդիպումներ էր ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Փետրվարի 15-ին կայացել է երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպումը և որոշվել է փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել ոչ իշխանական եռյակի հանրահավաք: