Ցեղասպանությունը անարգած դեսպանը շարունակում է պաշտոնավարել Հայաստանում

ambassador of romania sorin vasileՀայոց ցեղասպանության մասին անհեթեթ մեկնաբանություններ արած Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն շարունակում է պաշտոնավարել Հայաստանում։

2014թ. նոյեմբերի 19-ին Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած քննարկմանը վիրավորական հայտարարություններ էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին ՍիվիլՆեթը հոդված էր հրապարակել, որից հետո դեսպան Վասիլեն ներողություն խնդրեց: Նա Ռումինիայի արտգործնախարարության կողմից կանչվեց Բուխարեստ` խորհրդակցությունների նպատակով։

ՍիվիլՆեթի հարցմանը, թե արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը որևէ կերպ իր բողոքը հայտնե՞լ է դեսպան Վասիլեին կամ ռումինական կողմին, պատասխանեցին, որ «դեսպան Վասիլիեի ելույթից հետո համապատասխան աշխատանք է տարվել ռումինական կողմի հետ»:

Հարցին, թե ինչպես է Հայաստանի արտգործնախարարությունը վերաբերվում Վասիլեի հետագա պաշտոնավարմանը Հայաստանում և արդյոք պատրաստվում է պերսոնա նոն գրատա հայտարարել նրան, ստացվել է հետևյալ պատասխանը․

«Դեսպան Վասիլիեն պաշտոնապես ներողություն է հայտնել իր հայտարարությունների համար, իսկ Ռումինիայի ԱԳՆ-ն այդ միջադեպի առթիվ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ»։

***

2014թ. նոյեմբերի 19-ին Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած քննարկմանը ուսանողներից մեկի հարցին, թե որն է ավելի կարևոր Ռումինիայի համար` Թուրքիայի հետ քաղաքական ու տնտեսական կապե՞րը, թե՞ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական հրամայականը, դեսպանը պատասխանել էր. «Նախորդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս, սա շատ բարդ է… Որն է բարոյականությունը, որ ընդունենք` սա բարոյականությունն է: Ո՞րն է բարոյականությունը նորմալ զույգի միջև: Երկսեռ զույգի՞։ Իսկ հոմոսեքսուալ զույգի՞: Իսկ նորմալ, տղամարդ և կի՞ն, այո՞: Նրանք նորմալ են, նրանք բարոյական են: Իսկ հոմոսեքսուալները բարոյակա՞ն են, թե՞ ոչ։ Այսպիսով, ինչը նույնն է, ինչ… Ամեն ինչ հարաբերական է: Սա է քո հարցի պատասխանը: Քեզ համար սա հակասական է: Միասեռական զույգի համար սա կատարյալ է, ընտանիքի մոդելն է, այո: Միասեռական»:

Դեսպան Վասիլեն մի քանի այլ հակասական հայտարարություններ էլ էր արել։

Մեկնաբանել