Գալուստ Սահակյանը Ծառուկյանին մանդատից զրկելը քաղաքական հետապնդում չի համարում

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը քաղաքական հետապնդում չի համարում: Tert.am-ի փոխանցմամբ՝ Սահակյանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե մինչ այժմ Ծառուկյանի հարգելի համարված բացակայություններն ինչպե՞ս են անհարգելի համարվելու, ասել է.

«Ես կարծում եմ, որ երբ արդեն ուսումնասիրությունները ավարտվեն, այդ ժամանակ նաև կասվի ձեզ, հանձնարարվել է աշխատակազմին, կներկայացնենք կզեկուցեն, այնուհետև կասեմ»։

Լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, թե Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությո՞ւնը, թե՞ բացակայություններն են մանդատից զրկելուն ուղղված քայլերի պատճառը, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ձեռնարկատիրական գործունեությունը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում չէ… Կներկայացվի, կքննարկվի, ձեզ էլ տեղյակ կպահվի, ուսումնասիրությունը բևեռված չէ, բոլոր խմբակցություններին է վերաբերում, քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի»։

Փետրվարի 16-ին Գալուստ Սահակյանի հանձնարարությամբ Ազգային ժողովի աշխատակազմը սկսել է ուսումնասիրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունները խորհրդարանի նիստերից և դրանց հիմքերը։ Լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Անդրադառնալով Ազգային ժողովի նիստերից Գագիկ Ծառուկյանի բացակայություններին՝ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «իրենց պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»:

Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։

Մեկնաբանել