Ռոբերտ Քոչարյանը` ներքաղաքական լարված իրավիճակի մասին

robert kocharyan (1)ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքը հրապարակել է նրա հարցազրույցը ներքաղաքական վերջին օրերի լարված իրավիճակի վերաբերյալ:

– Պարոն նախագահ, բնականաբար, այսօր պետք է խնդրենք անդրադառնալ վերջին ներքաղաքական իրադարձություններին: Մասնավորապես՝ ՀՀԿ Խորհրդի հայտնի նիստին, որի թիրախը ԲՀԿն էր, ընդդիմադիր դաշտի ամենախոշոր, ազդեցիկ և դրա հետ մեկտեղ, մինչև փետրվարի 12-ը՝ ոչ արմատական կուսակցությունը: Կուսակցություն, որն իշխանությունների հետ մշտական շփումների մեջ էր ու, ինչպես պարզվեց, միմյանց ղեկավարներին քննադատելու մասով նույնիսկ զսպվածության փոխադարձ պայմանավորվածություն ուներ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ կարելի է բացատրել տեղի ունեցածը:

– Չեմ կարող բացատրել, թե ինչի համար էր դա պետք նախագահին: Եթե հաշվարկն այն էր, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆֆեկտը չստացվեց: Ընդհակառակը. ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ՝ բառապաշարի և նպատակների կտրուկ ռադիկալացմամբ: ԲՀԿ-ի վարկաբեկում նույնպես տեղի չունեցավ՝ չափազանց անհամոզիչ փաստարկների պատճառով: Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից: Իսկ հաշվի առնելով երկրում սոցիալական լարվածության և դժգոհության աստիճանը, ինչպես նաև ԲՀԿ-ի և նրա ղեկավարի լայն ժողովրդականությունը՝ որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի «մաքրել» քաղաքական դաշտը, այնքան ավելի ուժեղ է լինելու համախմբումն իշխանության դեմ և այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես այս ամենը կանդրադառնա տնտեսության, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի և Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վրա:

Թվում է, որ այս ամենն իսկապես կարող է պայթեցնել ներքաղաքական իրավիճակը: Այդպիսին են մեր բազմաթիվ քաղաքացիների սպասումները և մտավախությունները: Արդյո՞ք իշխանությունները ելք ունեն այս իրավիճակից:

Կարծում եմ՝ դեռևս ունեն: Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում և ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ:

Մեր երկիրը առանց այդ էլ գերծանրաբեռնված է լրջագույն խնդիրներով և դրանց լուծումը հնարավոր է միայն հասարակության առավելագույնս լայն համախմբման, երկրի ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնման հիման վրա: Տեղի ունեցածը, ցավոք, հակառակ ուղղությամբ ուժեղ ազդակ դարձավ:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Նույն օրը Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ծառուկյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ փետրվարի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ազատվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից: Բացի այդ` Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին` ստուգելու Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործական գործունեության տակ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:

Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Նույն օրը նա առանձին հանդիպումներ էր ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Փետրվարի 15-ին կայացել է երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպումը և որոշվել է փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել ոչ իշխանական եռյակի հանրահավաք:

Մեկնաբանել