Սարոյանի անվան գրադարան՝ Բիթլիսում

william saroyanԲիթլիս (Բաղեշ-ՍիվիլՆեթ) քաղաքում կբացվի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի անվան գրադարան։ Գրադարան հիմնելու նախաձեռնության հեղինակը՝ լրագրող Ահմեթ Թուլգարը, հայտնել է, որ  մտահղացումն առաջացել է այն բանից հետո, երբ Բիթլիսի փողոցներից մեկն անվանակոչվել է Վիլյամ Սարոյանի պատվին։  «Ակօս» թերթը զրուցել է  Ահմեթ Թուլգարի հետ․ «Վիլյամ Սարոյանի գործերը կարդացել եմ դեռ երիտասարդ տարիներից, նա իմ սիրելի գրողներից է։ Սարոյանի անվան գրադարան բացելու միտքը հղացել ենք Իսհակ Քարաքաշի հետ միասին։ Շատ եմ կարևորում Բիթլիսում նման գրադարանի առկայությունը»։

Ահմեթ Թուլգարը հանդիպել է Բիթլիսի քաղաքապետ Հուսեյին Օլանի հետ, որը բավական դրական է արձագանքել  գրադարան հիմնելու գաղափարին։ Նա ասել է․ «Բիթլիսում Սարոյանի ընտանիքին պատկանող տունը կվերանորոգվի, և այնտեղ էլ գրադարան կհիմնվի։ Դրա համար նախևառաջ ֆինանսական միջոցներ են հարկավոր։ Մինչ տան վերանորոգումը՝ գրադարանին ժամանակավոր տեղ կհատկացվի»։

Բիթլիսում գրադարանի բացումն, ըստ լրագրողի, հայ ժողովրդի և ընդհանրապես հայ գրականության նկատմամբ հարգանքի և երախտագիտության նշան կլինի։

«Ակօսի» հետ զրույցում Թուլգարը տեղեկացրել է, որ սկսվել է հանգանակություն՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Ապագա գրադարանին անհրաժեշտ են մեծ գրողի տարբեր լեզուներով թարգմանված գործերը, նրա գրականության ու կյանքի, հայ գրականության պատմության վերաբերյալ գրքեր, Սարոյանին առնչվող փաստաթղթեր, լուսանկարներ։  Նախատեսվում է նաև գրադարանում բացել Ցեղասպանությանը նվիրված հատուկ բաժին։ Ներկայում քրդաբնակ Բիթլիսի ղեկավարներից Հուսեյին Օլանը շեշտել է, որ գրադարանի բացումը Բիթլիսցիների համար կարևոր նշանակություն կունենա։ Ըստ նրա՝ գրադարանը կարող  է բացվել այս ամառ։

Բիթլիսում Սարոյանի անվան փողոց կոչելու առաջարկ էր արել Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը։ 2014թ․ դեկտեմբերին Բիթլիսի քաղաքապետարանը քվեարկության արդյունքում համաձայնել էր, որ Սափքոր փողոցը, որտեղ երկար տարիներ ապրել է Սարոյանների ընտանիքը, կրի գրողի անունը։