Սերժ Սարգսյանն ԱԺ-ից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները

ahmed-davutoglu-edward-nalbandyan-zurich-protocolsՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովից հետ է կանչել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով արձանագրություները հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

Ստորև՝ նամակն ամբողջությամբ:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ:

***

2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ:

2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին՝«հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին»: