«Հայաստան 2014. Մոլորության տարի»․ Սիվիլիթաս հիմնադրամը հրապարակել է իր տարեկան զեկույցը

civilitas_resizeՍիվիլիթաս հիմնադրամը հրապարակել է իր հերթական՝ 2014-ի տարեկան զեկույցը։ Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս զեկույցը ևս, ինչպես նախորդները, կենտրոնանում է ոչ թե երևույթների ժամանակագրական շարադրման, այլ դրանց խորքային պատճառների վերհանման վրա՝ կանխատեսելով հնարավոր զարգացումներն ու առաջարկելով լուծումներ։

Զեկույցը բաղկացած է երեք բաժիններից՝ տարածաշրջան, ներքին քաղաքականություն և տնտեսություն: Ինչպես նախորդ զեկույցներում, այս մեկում ևս յուրաքանչյուր բաժնում ներկայացված են հնարավոր զարգացումներն ու առաջարկվող լուծումները։

«2014-ի զեկույցը կրում է «Մոլորության տարի» խորագիրը։

Մոլորության, որովհետև ամբողջ տարվա ընթացքում կարևորագույն և խնդրահարույց մի շարք որոշումներ առկախվեցին կամ ձևախեղվեցին՝ մոլորության մեջ գցելով ոչ միայն այդ որոշումների ազդեցությունը կրողներին, այլև որոշումներն ընդունողներին։

Տարվա գլխավոր մոլորությունն էր, երբ չորս տարի շարունակ դեպի Եվրոպական Միության ազատ առևտրի գոտի շարժվող Հայաստանը, հանկարծ հայտնվելով Եվրասիական տնտեսական միությունում, սկսեց ինքն իրեն համոզել, որ դա նախապես հաշվարկված և ճիշտ ընտրություն էր։

Մոլորություն էին պնդումները, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության, կոռուպցիայի ընկալման, օրենքի գերակայության, բիզնեսի վարման և միջազգային մի շարք այլ ցուցանիշներով հետնապահ Եվրասիական տնտեսական միության երկրների ակումբն է Հայաստանի ճիշտ ընտրությունը։

Մոլորություն էին պնդումները, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է նաև երկրի անվտանգության շահերից։ Տարվա ընթացքում 1994-ի զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական առաջնագծում գրանցված ամենաարյունալի բախումները, Ռուսաստանի կողմից զենքի շարունակվող մատակարարումները Ադրբեջանին և Բաքվի ռազմական ոտնձգությունների հարցում Մոսկվայի քննադատության բացակայությունը ամենևին չհաստատեցին այդ պնդումները։

Մոլորություն էր նաև հունվարի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային նոր օրենքը, որը պարտադիր կուտակումներ էր նախատեսում աշխատողների աշխատավարձից։ Հասարակությունում, որտեղ պետական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակը օբյեկտիվորեն ցածր է, մարդիկ չհավատացին մի քանի տասնամյակ անց խոստացվող ապահով ծերությանը։ Բազմամարդ բողոքների և ընդվզման արդյունքում օրենքի կիրարկման կասեցումը և դրա փոփոխումը մոլորության մեջ գցեց ոչ միայն բողոքողներին, այլև նրանց, ում այդ բողոքն ուղղված էր։

Մոլորություն էր, որ շրջանառության հարկի փոփոխությունն արվում է փոքր ու միջին բիզնեսի բեռը թեթևացնելու և խոշորներին ստվերից հանելու համար, երբ իրականում տեղի էր ունենում ճիշտ հակառակը։

Մոլորություն էր, որ դրամի արժեզրկման մեղավորը սպեկուլյանտներն են, ոչ թե տնտեսական իրողություններն ու որոշումները։

Մոլորություն կամ մոլորության մեջ գցելու փորձեր էին պնդումները, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու, այլ ոչ թե իշխանության պարզ վերարտադրությունն ապահովելու համար։

Մոլորություն էր, երբ կառավարության ղեկավար փոփոխելով՝ իշխանությունը փորձեց հավատալ կամ հավատացնել, որ երկրում իրական փոփոխություններ է նախաձեռնել։ Կառավարություն, որի նոր կազմն էլ ավելի ընդգծեց բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը։

Վերջապես, մոլորություն է, երբ նոր կառավարությունը 2015 է մտնում պետական մի բյուջեով, որտեղ հաշվի չեն առնված արդեն իսկ առկա իրողությունները և 2008-ի ճգնաժամի դասերը»,- նշված է Սիվիլիթաս հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

Զեկույցի «Հեռանկար» և «Լուծումներ» բաժինները ներկայացված են ստորև։annual report

ՀԵՌԱՆԿԱՐ. տարածաշրջան

Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ շարունակվող պատժամիջոցները կխորացնեն ռուսական բիզնես էլիտայի և հանրության դժգոհությունները քաղաքական ղեկավարությունից։ Կրեմլը ավելի զգայուն կդառնա քաղաքական և քաղաքացիական ընդվզումների դեմ՝ դրանց արձագանքելով ավելի կոշտ։ Ինչպես աշխարհաքաղաքական հակասությունները, այնպես էլ դրանց հետևանքով Ռուսաստանում տեղի ունեցող ներքին զարգացումները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի վրա։

Արևմուտքը կշարունակի քննադատել Բաքվին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։ Սակայն Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները, ինչպես նաև կասպյան էներգակիրների կարևորությունը հաշվի առնելով՝ Բրյուսելը և Վաշինգտոնը քննադատությունից չեն անցնի պատժամիջոցների։ Արևմուտքի քննադատության պայմաններում ադրբեջանա-ռուսական հարաբերություններն ավելի կջերմանան։

Կշարունակվի անվստահությունը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության միջև, ինչը կարտահայտվի առաջնագծում նոր բախումներով։ 2014-ին նավթի միջազգային գների ավելի քան կրկնակի անկման պարագայում Ադրբեջանը չի կրճատել իր բյուջեն, որի պակասուրդը ֆինանսավորելու է Պետական նավթային հիմնադրամի գումարներից։ Խորացող ներքին խնդիրների պայմաններում Բաքուն ավելի ագրեսիվ վարքագիծ կդրսևորի։

Ադրբեջանը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Հայաստանի մարզիկները մասնակցություն չունենան 2015-ին Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին, որպեսզի որևէ հնարավորություն չստեղծվի այնտեղ հաղթանակի դեպքում հայկական դրոշը բարձրացնելու և Հայաստանի հիմնը հնչեցնելու համար։ Այդ նպատակին հասնելու համար Բաքուն կարող է սահմանային սադրանքների գնալ՝ հատկապես խաղերի սկզբից առաջ ընկած օրերին։

Ռուսաստանը կշարունակի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման ուղղությամբ աշխատանքը՝ նրանց փորձելով որևէ ձևաչափով ներգրավել իր կողմից ստեղծված միջազգային կազմակերպություններում, այդ թվում ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում։ Նման զարգացման պարագայում հայ-վրացական հարաբերությունները լուրջ ռիսկի կենթարկվեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի հնարավոր ճնշումները Հայաստանի վրա։

Հայ-թուրքական հարաբերությունները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ կհասնեն հնարավոր ամենացածր կետին։ Թուրքիան ամեն ինչ կանի խլացնելու Հայոց ցեղասպանության միջազգային հնչեղությունը։

2015-ը կնշանավորվի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներով։ Շեշտը կդրվի միջոցառումների քանակի վրա, ոչ թե դրանց ազդեցության և 100-րդ տարելիցը սահմանագիծ դարձնելու ու Ցեղասպանության հարցը միջազգային քաղաքական-իրավական նոր հարթություն բերելու վրա։

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. տարածաշրջան

ԵՏՄ մտնելու հապճեպությունն ու ձևը պատճառ դարձան, որ Հայաստանն այդ կառույցում հայտնվեց չափազանց թույլ դիրքերում։ Երևանը պետք է խնդիր դնի իր շահերը ԵՏՄ-ում պատշաճ ներկայացնելու և առաջ տանելու՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը փորձելու է ԵՏՄ-ն օգտագործել Արևմուտքի հետ իր հարաբերություններում։

Մոսկվայից կախվածության աճի պայմաններում Հայաստանի համար էլ ավելի կարևոր է դառնում Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների խորացումը։ Երևանը պետք է դրանք շարունակվող հայտարարությունների ու ցանկությունների մակարդակից տեղափոխի գործնական քայլերի հարթություն։

Հայաստանը պետք է հնարավորինս շուտ ստորագրի ԵՄ-ի հետ համագործակցության փաստաթուղթը, որը հիմք կլինի հարաբերությունների հետագա զարգացման համար։

Երևանը պետք է կարողանա հնարավորինս արագ վերականգնել ղարաբաղյան կարգավորման բանակցությունները և թույլ չտա, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը հավասարապես վերածվի Հայաստան-Ադրբեջան հակամարտության, ինչը Ադրբեջանի հիմնական նպատակներից է։ Երևան նաև պետք է թույլ չտա, որ բանակցային փաստաթղթում երկար տարիներ տեղ գտած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը ստվերվի և աստիճանաբար անհետանա:

Հայաստանը պետք է կարողանա առավելագույնս շատ պետությունների ու կառավարությունների ղեկավարների ներկայություն ապահովել ապրիլի 24-ին։ Քանակը տվյալ դեպքում որակի կվերածվի՝ Ցեղասպանության հարցին միջազգային հնչեղություն հաղորդելու և խնդիրը նոր հարթություն բերելու առումով։

Երևանը պետք է խորհրդարանից հետ կանչի 2009-ի հայ-թուրքական արձանագրությունները և հրաժարվի դրանցից։ Քանի դեռ դա չի արվել, Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը ստվերում են մնալու։

Հայաստանը պետք է գործի դնի իր դիվանագիտական ներուժը և Սփյուռքի ազդեցությունը, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հրավիրվի հատուկ նիստ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին (ինչպես դա եղել է Օսվենցիմի ազատագրման 60-ամյակի և 70-ամյակի ժամանակ)։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը  բովանդակային առումով պետք է կարողանա ձևակերպել և իրավական ճիշտ հարթության վրա դնել ճանաչումից դեպի հատուցում հարցը։ Հետագա տարիներին դա Հայաստանի և Սփյուռքի գործունեության հիմնական ուղենիշը կլինի։

ՀԵՌԱՆԿԱՐ. ներքաղաքական

2015-ին Հայաստանի ներքաղաքական զարգացումները կախված կլինեն երեք գլխավոր գործոններից՝ ա) սոցիալ-տնտեսական ծանր վիճակից բխող հանրային դժգոհությունից, բ) սահմանադրական փոփոխությունների հարցում իշխանության դիրքորոշումից, գ) ոչ իշխանական եռյակի միասնականությունից, վճռականությունից կամ դրանց բացակայությունից։

Նախագահ Սարգսյանը կփորձի կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները կամ առնվազն առկախված պահել հարցը։ Թեման օրակարգում պահելով՝ նա կփորձի պահպանել իշխանական լծակները և պառակտում թույլ չտալ իր թիմի ներսում՝ հաշվի առնելով, որ գործող Սահմանադրությամբ ներկայում նրա պաշտոնավարման երկրորդ և վերջին ժամկետն է։

Եռյակի ձևաչափի գոյությունը և հետագա գործունեությունը կախված կլինի նրանից, թե ԲՀԿ-ն ինչ դիքորոշում կորդեգրի իշխանափոխության հարցում։ Իշխանափոխության հարցում տարաձայնության դեպքում կարող են ճաքեր առաջանալ եռյակի ներսում։

Տնտեսական վատթարացող պայմաններում ավելի հաճախակի և սուր քննադատությամբ հանդես կգա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ փորձելով թույլ չտալ իշխանության վերարտադրությունը։ Քոչարյանի քննադատությունները կարող են ճաքեր առաջացնել իշխող խմբի ներսում և կշարունակեն լուրջ գլխացավանք լինել Սարգսյանի համար։

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. ներքաղաքական

ԵՏՄ անդամ երկրներում մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների ցածր մակարդակը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Դրանք հակակշռելու համար Հայաստանը պետք է հնարավորինս շուտ ստորագրի ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցության փաստաթուղթը։

Իշխանությունները պետք է կամք դրսևորեն ոչ թե փոխելու, այլ երաշխավորելու Սահմանադրության գործողությունը և հրաժարվելու վերարտադրության մտքից։ Հայաստանում խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ դրա ոտնահարումը։

Ոչ իշխանական ուժերը պետք է կարողանան հաղթահարել ներքին հնարավոր տարաձայնությունները և, եթե անգամ չկարողանան հասնել արտահերթ ընտրությունների, կանխեն իշխանության վերարտադրությունը և պարտադրեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունը՝ համապետական հաջորդ ընտրություններին ժողովրդի իրական կամարտահայտությունն ապահովելու համար։

ՀԵՌԱՆԿԱՐ. տնտեսություն

2015-ը ծանր տնտեսական տարի է լինելու Հայաստանի երկու հիմնական արտաքին գործընկերների՝ ԵՄ-ի և Ռուսաստանի համար։ Եթե եվրոգոտում ակնկալվում է զրոյական աճ, ապա Ռուսաստանում կանխատեսվում է մինչև 5 տոկոս անկում։ Եվրոգոտում աճի դանդաղումը և մետաղների միջազգային գների անկումը կկրճատեն Հայաստանից ԵՄ երկրներ հանքահումքի և մետաղների արտահանումը, ինչը Հայաստանից ընդհանուր արտահանման մոտ կեսն է կազմում։ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը կդրսևորվի ինչպես այդ երկրից դրամական փոխանցումների, այնպես էլ Հայաստանից Ռուսաստան արտահանման կրճատմամբ։

Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կշարունակվեն՝ ճնշումներ ստեղծելով ռուբլու արժեզրկման ուղղությամբ։ Ռուբլու վարքագիծը ուղղակիորեն կազդի Հայաստան եկող դրամական փոխանցումների ծավալի վրա։

2014-ի աշնանը, երբ կառավարությունը պատրաստել էր 2015-ի բյուջեի նախագիծը, տվյալ պահի իրողությունները ներկայացված էին որպես ռիսկեր։ 2015-ին կառավարությունը նախկինի պես կանտեսի առկա խորքային խնդիրները և կշարունակի տնտեսական խնդիրներին կարճաժամկետ և իրավիճակային լուծումներ տալու գործելաոճը։

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կնվազեցնի տնտեսական անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունները և վերահաս տնտեսական խնդիրներին առավել դյուրին դիմագրավելու հեռանկարը։

Միջազգային վարկանշային գործակալությունների կողմից Հայաստանի և հայկական եվրապարտատոմսերի վարկանիշերը կարող են իջեցվել, ինչը դժվարություններ կստեղծի Հայաստանի կողմից նոր արտաքին պարտք ներգրավելու հարցում։

2015-ին դրամն ընդհանուր առմամբ գտնվելու է արժեզրկման ճնշումների ներքո՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների՝ դոլարային արտահայտությամբ կրճատմամբ։

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ. տնտեսություն

Կառավարությունը պետք է վարդագույն ակնոցը հանի և իրականությանը նայի իրատեսորեն։ Եվրոգոտում և Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացման ազդեցությունը մեղմելու համար պետք է արագացնի տնտեսության կառուցվածքային բարեփոխումները, ձևավորի ազատ մրցակցային միջավայր, խրախուսի ներքին և արտաքին ներդրումները։ Դրանք կարևոր քայլեր են, որ կառավարությունը պետք է անի անկախ գլոբալ տնտեսական իրավիճակից։

Բյուջեի եկամտային մասի ապահովումն իրականացնելու համար կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ստվերի կրճատման ուղղությամբ՝ թիրախավորելով ոչ թե փոքր և միջին, այլ խոշոր բիզնեսը։ Իշխանությունները պետք է կամք դրսևորեն թոթափելու բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, որը որոշակիորեն նշանակում է նաև ինքնախարազանում։

Հայաստանը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործի ԵՏՄ անդամակցությունից բխող հնարավորությունները՝ խրախուսելով արտահանող ընկերություններին։

Կառավարությունը պետք է ընդլայնողական քաղաքականություն վարի՝ մատչելի դարձնելով վարկային ռեսուրսները բիզնեսի համար։