Քաղաքապետարանը չի ընդունում Եռյակի՝ շտապ հավաք անցկացնելու հիմքը

IMG_3481 Եռյակի հանրահավաք, Երևան, հոկտեմբեր 10, 2014:

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների՝ փետրվարի 16-ին Երևանի քաղաքապետին ներկայացված գրությանը, տեղեկացնում են փետրվարի 20-ին Ազատության հրապարակում` իրենց ներկայացմամբ շտապ հավաք անցկացնելու մասին: Քաղաքապետարանը հայտարարել է, որ չի ընդունում երեք կուսակցությունների՝ շտապ հավաք անցկացնելու հիմքը:

Ստորև՝ քաղաքապետարանի հայտարարությունը:

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Մինչդեռ գրության բովանդակությունից հետևում է, որ հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի` դեռևս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով:«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթի և գրության բովանդակության համադրումից ակնհայտորեն հետևում է, որ գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք:

Հետևաբար, քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին և չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին:Երևանի քաղաքապետարանը հարկ է համարում նաև նշել, որ իրազեկում պահանջող հավաքը շտապ հավաքի անվան տակ անցկացվելու դեպքում բացակայում է օրենքով սահմանված լսումներ իրականացնելու և պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Ազատության հրապարակում հավաքի անցկացման համար բեռնատարների մուտքը թույլատրելու ու հավաքի համար անհրաժեշտ պարագաներ տեղադրելու հարցով ՀՀ մշակույթի նախարարության կարծիքը ստանալու իրավական հնարավորությունը:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։

Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Նույն օրը նա առանձին հանդիպումներ էր ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Փետրվարի 15-ին կայացել է երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպումը և որոշվել է փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել ոչ իշխանական եռյակի հանրահավաք: