Կանգնած եմ Գագիկ Ծառուկյանի կողքին. Արտակ Խաչատրյան

800_4310«Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ, փետրվարի 7-ին բռնության ենթարկված Արտակ Խաչատրյանը, փետրվարի 17-ին տված մամուլի ասուլիսին շնորհակալություն հայտնելով իրեն աջակցություն ցուցաբերած մարդկանց, նշեց, որ իր կյանքում որևէ բան չի փոխվել, և ինքը շարունակելու է պայքարը, եթե ապագայում լինեն «Շրջանառության հարկի մասին» օերնքի պես այլ օրենքներ:

Խոսելով իր կուսակցական պատկանելության մասին` Խաչատրյանն ասաց, որ ինքը տարիներ շարունակ ԲՀԿ անդամ է, պատրաստ է կատարել ամենածանր աշխատանքը` սպասարկելու կուսակցության շահերը: Նա վերահաստատեց, որ կանգնած է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողքին:

Անդրադառնալով իր նկատմամբ կիրառված բռնությանը` ԲՀԿ քաղխորհրդի անդամը նշեց, որ ակնկալում է գործի շուտափույթ բացահայտում` հավելելով, որ այս պահին գործի նախաքննությունից իրեն շատ բան հայտնի չէ:

Խաչատրյանը մեկնաբանեց նաև լուրերը, թե դեքպը տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող տարածքում` ասելով, որ իրեն տարել են այդ տարածք, զննել են, և ինքը հերքել է, ասել է, որ դա այդ սենյակը չէր: Միաժամանակ նա ասաց, որ այս պահին որևէ բան չի բացառում:

Պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին` արդյոք հնարավոր է համարում գործի բացահայտումը մի իրավիճակում, երբ երեկ ճնշումների են ենթարկվել ԲՀԿ այլ անդամներ, մասնավորապես բերման է ենթարկվել Նոր Նորքի ԲՀԿ գրասենյակի ղեկավարը, «Կասեցում» շարժման ակտիվիստն ասաց. «Ցավալի կլինի պարզել, որ իրավապահները չեն ցանկանում բացահայտել գործը, բայց ես դեռ հույսեր ունեմ»:

Արտակ Խաչատրյանը վերահաստատեց, որ մասնավոր խնդիրներ չի ունեցել և կատարվածը կապում է իր հասարակական-քաղաքական գործունեության հետ:

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Փետրվարի 16-ին նա հիվանդանոցից դուրս է գրվել:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ: