Եթե անգամ եռյակը միասնաբար հանրահավաք չանի, ժողովուրդը կանի. ԲՀԿ խոսնակ

TH_Tigran_UrikhanyanՓետրվարի 20-ի հանրահավաքը արդեն ոչ թե ԲՀԿ-ի կամ եռյակի հանրահավաքն է, այլ ժողվորդի հանրահավաքն է: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով Երևանի քաղաքապետարանի բացատրությունը, որով վերջինս չի ընդունում Եռյակի՝ շտապ հավաք անցկացնելու հիմքը:

ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը փետրվարի 16-ին քաղաքապետարան գրություն էին ներկայացրել, որով տեղեկացրել էին փետրվարի 20-ին Ազատության հրապարակում շտապ հավաք անցկացնելու մասին:

«Մենք երբևէ չենք ցանկացել և չենք պատրաստվել օրենքի շրջանակից դուրս գործել: Հանրահավաքի պահանջն օդում կախված է, այն ամենուրեք է՝ մարդկանց մասնավոր զրույցներում, փողոցում, համացանցում, ամեն տեղ, և անգամ եթե եռյակն այդ օրը միասնաբար հանրահավաք չանցկացնի, ժողովուրդն այդ օրը միևնույնն է՝ հանրահավաք է իրականացնելու»,- ասաց Ուրիխանյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից «կանխարգելիչ» գործողություններ են իրականացվում ոչ միայն հանրահավաքի հետ կապված, այլև բոլոր ուղղություններով, և «քաղաքակիրթ պայքարի դրոշակակիրներն» անցել են բոլոր սահմանները՝ օգտագործելով ոչ միայն վարչական ռեսուրսը, այլև դիմելով ուղղակի բռնի ուժի:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Նույն օրը նա առանձին հանդիպումներ էր ունեցել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Փետրվարի 15-ին կայացել է երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպումը և որոշվել փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել եռյակի հանրահավաք:

Մեկնաբանել