Համանախագահները հանդիպել են Նալբանդյանին

OSCE MGԱդրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները. փետրվարի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը շարունակվել են քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսևորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները և եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասևեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», – ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտերին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին՝ նախարարը նշել է, որ դրանք սնանկ են։

«Վերջիններիս հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը», – ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում էին, որտեղ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահների վերջին այցը Երևան 2014թ. հոկտեմբերին էր: