Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին: Լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Մամուլում լուրեր են շրջանառվում նաև ԲՀԿ մեկ այլ պատգամավոր` Կարո Կարապետյանի` կուսակցությունից և խմբակցությունից հեռանալու մասին: Շրջանառվում է նաև Կարապետյանի` Գալուստ Սահակյանին ուղղված հայտարարության տեքստ, որում վերջինս նշում է, թե «որոշում է կայացրել դադարեցնել իր անդամակցությունը ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակի իր գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր»:
Արսեն Բաբայանի խոսքով, սակայն, ԱԺ նախագահը Կարո Կարապետյանից որևէ դիմում չի ստացել:
ՍիվիլՆեթի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ այդ մասին տեղեկացել է մամուլից և պաշտոնական որևէ տեղեկություն չունի:
Փետրվարի 16-ին «Բարգավաճ Հայաստանին» անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել պատգամավոր Արագած Ախոյանը: Նա նշել էր, որ Ազգային ժողովում կշարունակի աշխատանքները որպես անկուսակցական պատգամավոր:
***
Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։