Եթե նույնիսկ մի շրջան զիջեր, կվերակենդանացնեինք Հայաստանը. Դավութօղլու

yemekweb«Ակօս» թերթի նոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը (Տանձիկյան) հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Դավութօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արած հայտարարություններին: Դավութօղլուի հայտարարությունները մեկ անգամ ևս վկայում են, որ Թուրքիան նախապայմաններով է առաջնորդվել Հայաստանի հետ հարաբերություններում: Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացված է ստորև:

Փետրվարի 11-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր երկրի բոլոր ոչ թուրք և ոչ մուսուլման ժողովուրդների կազմակերպությունների, հիմնադրամների, թերթերի ներկայացուցիչների համար ճաշկերույթ էր կազմակերպել: Ճաշը և դրանից առաջ հնչած ելույթներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեցին բոլոր ալիքներով: Խոսակցությունը շարունակվեց լրատվամիջոցների դուրս գալուց հետո, քննարկվեցին շատ հարցեր: Այդ խոսակցության որոշ կարևոր դրվագներ ներկայացնում ենք ձեր ուշադրությունը:

Հավաքի սկզբում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը և կառավարության մյուս անդամները հերթով լսում էին տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների բարձրացրած հարցերը և խոսք էին տալիս դրանք կյանքի կոչել: Ներկայացված խնդիրները, թերևս, կարելի է բաժանել երեք խմբի: Համայնքային գույքի վերադարձի հետ կապված իրավական և բյուրոկրատական խնդիրներ, տարբեր ընկերությունների վարչական խնդիրներ և քաղաքական խնդիրներ:

Ամենամեծ տեղը զբաղեցնում էին համայնքային գույքի հետ կապված հարցերը: Կառավարությանը մանրամասնորեն ներկայացրին հետևյալ խնդիրները. Սուրբ Փրկիչ հիվանդանոց հիմնադրամի Զեյթինբուրնուում գտնվող վիճելի տարածքի հարցը, Բալաթի եկեղեցու վերականգնման դադարեցումը, բյուրոկրատական քաշքշուկները Իմրոզի հունական համայնքի համար կառուցվող դպրոցների առնչությամբ, Բոմոնտիի Մխիթարյան հայկական դպրոցի շենքի հարցը և այլն:

Երկրորդը վարչական խնդիրներն էին: Հայ համայնքի ներկայացուցիչները երկու հարց առաձնացրին․ հիմնադրամների ղեկավարման խնդիրն ու պատրիրարքի ընտրության հարցը: Կառավարական շրջանակները պատրիարքի ընտրության հարցում հղեցին մոտավորապես այս ուղերձը. «Եթե բժշկական զեկույց լինի, որ Մութաֆյանը պարտականություն այլևս չի կարող ստանձնել, հնարավոր է ընտրություններ կազմակերպել»:

Հավաքի վերջում շատ մեծ տեղ հատկացվեց հայ-թուրքական փակ սահմանի հարցին, կառավարության կողմից նորից հրապարակ նետված հունական, հայկական, հրեական լոբբիներ արտահայտությանը, Փերինչեքի գործում կառավարության դիրքորոշմանը, ապրիլի 24-ին Դարդանելի միջոցառումները նշելուն և այդ առիթով Սարգսյանի հրավերին ու Հայաստանի հետ հարաբերությունների նոր լարմանը:

Դավութօղլուն, անդրադառնալով փակ սահմանին, ասաց, որ եթե Հայաստանը նույնիսկ մի շրջան հետ տար, սահմանը կբացվեր, սակայն Հայաստանը դիմադրություն ցույց տվեց: «Եթե նույնիսկ մի շրջան զիջեր Հայաստանը՝ մենք կվերակենդանացնեինք Հայաստանը»: Սփյուռքի թեմայից խոսելիս՝ նա ասաց, որ հայկական սփյուռքը Թուրքիայի թշնամին չէ, դա իրենց սփյուռքն է:

Դավութօղլուն ասել է նաև, որ Թուրքիան խոսքի ազատության առումով ավելի առաջադեմ է, քան Ֆրանսիան: «Այնտեղ եթե մեկն ասի՝ Ցեղասպանություն չի եղել, խնդիրների առաջ կկանգնի, իսկ այստեղ անարգել կարող է ասել՝ եղել է»,- ասել է Դավութօղլուն:

Դարդանելի արարողություններն ապրիլի 24-ին իրականացնելու վերաբերյալ հնչող քննադատությանը Դավութօղլուն պատասխանեց, որ այն նախապես ծրագրված չի եղել: «Միշտ էլ այդ օրը միջոցառում է լինում: Մենք կիսում ենք հայերի ցավը»:

Գանք 1915-ի հարցին: Կառավարությունը շեշտում է, որ հին ժամանակների համեմատ կարևոր քայլեր է ձեռնարկել: Այո՛, հին պետության հետ համեմատած դրական զարգացումներ կան, սակայն հիմնականում շատ բան չի փոխվել: Հենց 100-րդ տարելիցն ու հենց ապրիլի 24-ին Դարդանելին նվիրված միջոցառումների անցկացումը, և այդ միջոցառումներին մասնակցելու Հայաստանի նախագահին ուղարկված հրավերը հերքում են ցանկացած փաստարկ, որ բերվում է ապացուցելու, թե նախկինի համեմատ Թուրքիայի դիրքորոշումը փոխվել է: Այս ամենի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները համոզիչ չեն:

Լավ, իսկ մինչ ապրիլի 24-ը Թուրքիան նոր քայլեր կձեռնարկի՞, թե՞ ոչ: Ճիշտն ասած՝ ես նման բան չեմ զգացել: Բառապաշարի տեսանկյունից, անշուշտ, հին պետության հետ համեմատած փոփոխություն կա, սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանի Բոգոտայում արած հայտարարությունը՝ «1915թ. իրադարձություններ», «հարցը պատմաբաններին թողնենք» և «եթե սփյուռքը ազնիվ է» արտահայտությունները վկայում են, որ հիմնականում շատ բան չի փոխվել, շարունակում է հնի և նորի միասնական գոյությունը, իսկ նեղն ընկած ժամանակ բերվում են այն փաստարկները, որոնք սովորաբար բերում էր հին պետությունը:

Այնուամենայնիվ, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիրը կարևորում է երկկողմ շփումները:

Մեկնաբանել