ՀԱԿ-ը ահաբեկչություն է որակում ԲՀԿ-ի դեմ արշավը

hakՀայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումը։

«Փետրվարի 20-ին շտապ հանրահավաքի մասին իրազեկումից հետո՝ օրինական հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված իշխանության քայլերը վերածվել են քաղաքական ահաբեկչության լայնածավալ գրոհի։ Հանրահավաքը տապալելու համար իշխանությունն ընտրել է Համաժողովրդական շարժման դեմ ապօրինի բռնությունների, ահաբեկման ճանապարհը՝ այս անգամ որպես հիմնական թիրախ ընտրելով ԲՀԿ կառույցները և անհատներին։ Մասնավորապես ԲՀԿ տասնյակ ակտիվիստների բերման են ենթարկել Աջափնյակի, Արաբկիրի, Նուբարաշենի տարածքային գրասենյակից և ժամեր շարունակ պահել ոստիկանական բաժանմունքներում, շինծու պատրվակներով մտել է նաև Շենգավիթի, Կենտրոնի և Մալաթիայի գրասենյակներ։ Խախտելով օրենքի պահանջը՝ համապատասխան ոստիկանական բաժանմունքները հրաժարվել են ներս թողնել բերման ենթարկվածներին այցելության գնացած ԱԺ պատգամավորների։

Ոստիկանական շարունակվող ապօրինություններն ու կամայականություններն ըստ էության ուղղված են ընդհանրապես Համաժողովրդական շարժման դեմ։ Դրանք վկայություն են իշխանության՝ քաղաքական լեզվով խոսելու անկարողության, ի դեմս փետրվարի 20-ի հանրահավաքի՝ սեփական ժողովրդի ու նրա կամքի հետ առերեսվելու վախի։

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է վերջ տալ ոստիկանական կամայականություններին, ահաբեկչական մեթոդներին։ Կոնգրեսը հայտարարում է, որ իր բոլոր կառույցնելով վճռականորեն կանգնած է լինելու յուրաքանչյուր բռնության ենթարկվածի կողքին, մինչև հաղթական ավարտ պայքարելու է Համաժողովրդական շարժման հռչակած նպատակաների իրականացման համար»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում։

Ոչ իշխանական եռյակը՝ ի դեմս ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների, փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ պահանջելու գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Երևանի քաղաքապետարանը չի արտոնել հանրահավաքի անցկացումը։

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։

Մեկնաբանել