ԲՀԿ երկու պատգամավորներ դուրս են եկել կուսակցությունից

G ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյան: Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

Ազգային ժողովի պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը և Գրիգորի Մարգարյանը դադարեցրել են անդամությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս մասին նրանք գրությամբ տեղեկացրել են Ազգային ժողովի նախագահին: Գրությունը փետրվարի 17-ին տեղադրվել է ԱԺ-ի ֆեյսբուքյան էջում: Ստորև՝գրությունը:

1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է, որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:

2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությանը: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունը ԱԺ-ում կշարունակի որպես անկախ պատգամավոր:

Փետրավրաի 17-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին:

Փետրվարի 16-ին «Բարգավաճ Հայաստանին» անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել պատգամավոր Արագած Ախոյանը: Նա նշել էր, որ Ազգային ժողովում կշարունակի աշխատանքները որպես անկուսակցական պատգամավոր:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։

Մեկնաբանել