Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, քաղաքական ճանապարհով. Գագիկ Ծառուկյան

Gagik-Tsarukyan«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել վերջին օրերի ներքաղաքական իրադրության վերաբերյալ հայատարարությամբ:

«Սիրելի՛ հայենակիցներ,

Ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր բոլորի, և անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում:

Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ:

Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե´ իշխանության, թե´ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»,- ասված է հայտարարությունում:

Զուգահեռ հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ քաղաքական խորհուրդը` նշելով, որ որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Փետրվարի 15-ին կայացել էր ոչ իշխանական եռյակի` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը և որոշվել էր փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել ոչ իշխանական եռյակի հանրահավաք:

Փետրվարի 16-ին կայացել էր Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպում:

Մեկնաբանել