ԲՀԿ-ն չեղյալ է համարել փետրվարի 20-ի հանրահավաքը

IMG_4661 Ոչ իշխանական եռյակի հանրահավաք, Ազատության հրապարակ, հոկտեմբերի 24, 2014թ.:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ որոշել է չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքը:

«Երևանի քաղաքապետարանն, ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը, անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար:

Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը: Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար»:

Զուգահեռ հայտարարությամբ է հանդես եկել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նշել է, որ «բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Փետրվարի 15-ին կայացել էր ոչ իշխանական եռյակի` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը և որոշվել էր փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել ոչ իշխանական եռյակի հանրահավաք: Քաղաքապետարանը հայտարարել էր, որ չի ընդունում երեք կուսակցությունների՝ շտապ հավաք անցկացնելու հիմքը:

Փետրվարի 16-ին կայացել էր Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպում: