Գնդակը նույն տեղում է` Թուրքիայի դաշտում. Շավարշ Քոչարյան

Shavarsh-KocharyanԳնդակը նույն տեղում է՝ Թուրքիայի դաշտում: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանը փետրվարի 17-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու փետրվարի 16-ի որոշումը:

«Նախագահի այդ քայլը շատ հստակ ազդանշան էր ոչ միայն Թուրքիայի իշխանություններին, այլև՝ միջազգային հանրությանը, բոլոր այն պետություններին, որոնք շահագրգիռ են, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որ այն գործողությունները, որ վերջին ժամանակահատվածում ավելի ցցուն իրականացնում են Թուրքիայի իշխանությունները, այսինքն՝ ժխտողականության ալիքը, որը բարձրացել է հենց 100-րդ տարելիցին ընդառաջ, որ այդ բոլորը հայկական կողմի համար անընդունելի է և, միաժամանակ, որ հայկական կողմը մնում է հավատարիմ նրան, որպեսզի առանց նախապայմանների շարժվենք առաջ»,- ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ արձանագրությունների արդյունքում «բացահայտվեց Թուրքիայի իրական դիմակը, Թուրքիայի իրական մոտեցումները, Թուրքիայի ոչ պատրաստ լինելը՝ առերեսվելու իր պատմության հետ, և երկրորդը, որը երևի որևէ դեպքում չի կարելի թերագնահատել, դա այն ալիքն էր, որը բարձրացավ բուն Թուրքիայում: Հենց Թուրքիայում սկսվեց ժխտողականության դեմ հասարակական շարժումը…»:

Ըստ Քոչարյանի՝  Հայաստանը արձանագրությունների գործընթացի հետ կապված տարբեր քայլեր իրականացնելու հնարավորություն ունի:

«Մենք կարող ենք ընդհանրապես ստորագրությունները չեղյալ հայտարարել, մենք կարող ենք և վավերացնել, այսինքն, ամեն ինչ կախված է ապագա զարգացումներից: Ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի պահվածքը` արդյո՞ք կփոխվի և եթե, այո, ապա դեպի ո՞ր կողմ կփոխվի: Այնպես որ մենք քայլեր ունենք, տարբեր ուղղություններով: Բայց ամենակարևորը կայանում է նրանում, որ տվյալ պարագայում, կրկին այդ ֆուտբոլային տերմինաբանությամբ` գնդակը իրենց դաշտում է, և ակնհայտ է, որ շահագրգիռ պետությունները, միջազգային հանրությունը սպասելու են քայլեր Թուրքիայի կողմից»,- նշել է փոխարտգործնախարարը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը փետրվարի 17-ին հայտարարել է, որ Անկարան հավատարիմ կմնա Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրություններին՝ դրանց հետ կանչելու Սերժ Սարգսյանի որոշումը որակելով «սխալ և անհաջող քայլ»:

***

2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ:

2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին՝«հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին»: