Թուրքիան, մամուլի ազատության առումով, հետ է նույնիսկ Զամբիայից

18-media«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2015թ. մամուլի ազատության ամենամյա զեկույցը: Զեկույցում Թուրքիան 180 երկրի մեջ զբաղեցնում է 149-րդ տեղը: Թուրքական Zaman-ը գրում, որ երկիրը հետ է նույնիսկ Աֆրիկա մայրցամաքի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Նիգերը, Լիբերիան, Զամբիան, Մալին և Զիմբաբվեն:

Կազմակերպությունը գնահատել է Թուրքիայում լրատվություն տրամադրելու ազատությունը, ահագնացող գրաքննությունը, ուշադրություն է դարձրել քննադատութամբ հանդես եկող լրագրողներին գործից հեռացնելու և նրանց նկատմամբ դատական գործեր հարուցելու վրա:

Zaman-ը գրում է, որ 2014թ. վարկանշային սանդղակում Թուրքիայի ցուցանիշն ավելի վատ էր՝ այն գտնվում էր 154-րդ տեղում, սակայն այս տարի էլ շարունակում է մնալ ամենաանազատ մամուլ ունեցող երկրների թվում:

Զեկույցում նշվում է, որ աշխարհում մամուլի ազատության վիճակը նահանջ է ապրել, պատճառների շարքում են պատերազմները, ֆինանսական ճգնաժամը և այլն: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն՝ լրատվության ազատության տեսանկյունից «սև կետեր» են Հյուսիսային Աֆրիկան և Մերձավոր Արևելքը, որոնց մի մասում ոչ պետական կազմավորումներն իրենց ձեռքն են վերցրել իշխանությունը, և այդ վայրերում անկախ լրագրություն չի իրականացվում:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ մամուլի ազատության առումով առաջին հինգ երկիրը եվրոպական են, առաջինը Ֆինլանդիան է, իսկ ամենաանազատները Հյուսիսային Կորեան և Էրիթրեան են: Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ը երեք հորիզոնականով նահանջել է և այս պահին 49-րդն է, Ռուսաստանը նահանջել է հինգ հորիզոնականով՝ 152-րդ տեղում է, իսկ Չինաստանը՝ 176-րդ: Հայաստանը 180 երկրի շարքում 78-րդն է:

Խոսքի ազատության համար պայքարող և անկախ գործունեություն ծավալող «Լրագրողների պաշտպանության կոմիտեն», (CPJ) անդրադառնալով Թուրքիայի մամուլի ազատության վիճակին, քննադատել էր երկրի ղեկավարությանը: Ըստ թուրքական և միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների՝ Թուրքիան մամուլի ազատությունը խոչընդոտող թիվ մեկ երկրներից է, ամենաշատ ձերբակալված լրագրողները գտնվում են թուրքական բանտերում:

Մեկնաբանել