Պետական սահմանի մասին պայմանագիր՝ Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև

3958601 Դավիթ Սանաքոև, Սերգեյ Լավրով, փետրվարի 18, 2015թ., Մոսկվա:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Հարավային Օսիայի իր պաշտոնակից Դավիթ Սանաքոևը փետրվարի 18-ին Մոսկվայում «պետական սահմանի» մասին պայմանագիր են ստորագրել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լավրովի խոսքով՝ «փաստաթղթի շնորհիվ վերջ կդրվեն շահարկումներին՝ ինչ են իրենցից ներկայացնում երկու երկրների միջև կապերը»:

«Խոսակցությունները՝ Ռուսաստանը փորձում է բռնակցել Հարավային Օսիան, պետք է դադարեցվեն»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը փետրվարի 17-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «փաստաթուղթը վերջ կդնի վերջին շրջանում վրացական կողմի տարածած զրպարտություններին՝ Հարավային Օսիայի «բռնակցման», «միացման» և «կլանման» մասին»:

«Նման հերյուրանքների նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության վարկաբեկումն է»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

«Պետական սահամանի մասին պայմանագիրը ցանկացած պետության բաղկացուցիչներից է, ինչպիսին Ռուսաստանը և Հարավային Օսիան են: Նման փաստաթուղթ կստորագրվի նաև Աբխազիայի հետ: Սահմանների չեղյալ հայտարարում, վերացում ասվածը պատկերավոր արտահայտություն է, որը նշանակում է ձգտում՝ ապահովելու երկու բարեկամ երկրների միջև պետական սահմանների առավելագույնս հարմար հատում ինչպես քաղաքացիներ համար, այնպես էլ տնտեսական գործունեության և մարդկանց միջև կապերի առումով»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, մեկնաբանելով Մոսկվայի և Ցխինվալիի միջև պայմանագրի ստորագրումը, նշել է, որ Թբիլիսին դրան հակազդելու է դիվանագիտական ակտիվ գործողություններով և այս հարցում միջազգային հանրության կոնսոլիդացմամբ: Ըստ նրա՝ ինչպես այս, այնպես էլ Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև ստորագրված մնացած այլ փաստաթղթերը «անօրինական են, և որևէ մեկի կողմից չեն ճանաչվելու»:

Մոսկվան և Ցխինվալին նախապատրաստում են նաև ինտեգրացիոն պայմանագիր, որի մասին հայտնի էր դարձել դեռ 2014-ի դեկտեմբերին:

Պաշտոնական Թբիլիսին կոչ էր արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ այդ պայմանագրի ստորագրումը թույլ չտալու համար:

Մեկնաբանել