ՀԱԿ-ը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի որոշմանը

levon ter-petrosyan (1)Հայ ազգային կոնգրեսը ըմբռնումով է մոտենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու որոշմանը, ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

«Փետրվարի 20-ին համազգային հանրահավաք անցկացնելու որոշման մասին հայտարարելուց հետո, իշխանությունները հանրահավաքը տապալելու նպատակով Համաժողովրդական շարժման դեմ սանձազերծեցին մի ամբողջ ահաբեկչական արշավ` բռնաճնշումների և սպառնալիքների հիմնական թիրախ դարձնելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։

Ինչպես հայտնի է, ԲՀԿ քաղխորհուրդն այսօր հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից հարուցված անօրինական խոչընդոտների պայմաններում փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին: ՀԱԿ-ը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը և հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով:

Միևնույն ժամանակ ՀԱԿ-ը հայտարարում է, որ շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը և ժողովրդին հրավիրում է մարտի 1-ին ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն: Հանրահավաքում կվերլուծվի ստեղծված իրավիճակը և կներկայացվեն Համաժողովրդական շարժման հետագա անելիքները»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Փետրվարի 15-ին կայացել էր ոչ իշխանական եռյակի` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը և որոշվել էր փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել ոչ իշխանական եռյակի հանրահավաք: Քաղաքապետարանը հայտարարել էր, որ չի ընդունում երեք կուսակցությունների՝ շտապ հավաք անցկացնելու հիմքը:

Փետրվարի 16-ին կայացել էր Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Փետրվարի 18-ին ԲՀԿ-ն հրաժարվեց հանրահավաք անցկացնելու մտադրությունից։

Մեկնաբանել