Արվում է հնարավորը, որ գազի սակագինը չբարձրանա. «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն («168 ժամ»)

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նպատակահարմար չի համարում, որ ներկրվող ռուսական գազի դիմաց Հայաստանը վճարի ռուբլով։

Արվում է հնարավորը գազի սակագինը չբարձրացնելու համար, «168 ժամ» թերթի հետ հարցազրույցում ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։

Նա նշել է, որ ներկայիս փոխարժեքը արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից և մտահոգության տեղիք տալիս է: Բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416,56 դրամ/դոլար փոխարժեքը:

«Մեր մասնագետների կողմից ամենօրյա մոնիթորինգ է իրականցվում, վերլուծություններ են կատարվում` զարգացումների հնարավոր սցենարների դեպքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ։ Վերլուծությունների հիման վրա ընկերությունը ինչ եզրակացության էլ հանգի՝ հետագա քայլերի հետ կապված, հանրությունը պատշաճ ձևով կիրազեկվի։ Ամեն դեպքում, որպեսզի ենթատեքստ չփնտրվի, շտապեմ տեղեկացնել, որ արվում է հնարավորը՝ սակագինը չբարձրացնելու համար»,- ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարը։

Դիտարկմանը, որ ներկրված ռուսական գազի դիմաց վճարումները դոլարի փոխարեն ռուբլով իրականացնելու դեպքում շատ ավելի շահեկան կարող է լինել, Հարությունյանը պատասխանել է.

«Հայաստան ներկրվող գազի հետ կապված պայմանները սահմանված են միջկառավարական համաձայնագրով, ըստ որի՝ բնական գազի գինը Հայաստանի համար կողմերի միջև տնտեսվարող սուբյեկտների միջև պայմանագրերում ամրագրվում է ԱՄՆ դոլարով։ Իմ տեղեկություններով՝ «Գազպրոմը» Ռուսաստանից դուրս ռուբլով կնքված որևէ պայմանագիր չունի։ Ես ծանոթ եմ վերլուծությունների, որտեղ ներկայացվում է, որ Հայաստանում առկա են ռուսական ռուբլու բավարար մուտքեր՝ ներկրված գազի վճարումները ռուբլով իրականացնելու համար: Մյուս կողմից՝ առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ։ Մասնավորապես դրամ/ռուբլի փոխարժեքը Հայաստանում ձևավորվում է դոլարով միջնորդավորված, ինչը լրացուցիչ արժութային ռիսկեր է ստեղծում և այլն։ Եթե տեսականորեն ընդունենք, ապա կարճաժամկետ կտրվածքում գուցե ինչ-որ տեղ դրական արդյունք տա, բայց երկարաժամկետ գործունեության տեսակետից հնարավոր է՝ նաև խնդիրներ առաջանան։ Իմ կարծիքով՝ հարցը մակրոտնտեսական մակարդակում պետք է դիտարկել՝ շահեկան է, թե ոչ»։

Մեկնաբանել