Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Bako Sahakyan OSCEԱդրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ստացել են նոր, շատ ավելի բացասական որակ և դրսևորումներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին և տարածաշրջանում կայունության պահպանմանը. փետրվարի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Ինչպես ասված է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքում, Բակո Սահակյանը նշել է, որ Բաքվի նման քաղաքականությունը որևէ ձևով չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու և նրա անվտանգությունը հետևողականորեն ամրապնդելու կամքի ու վճռականության վրա:

Փետրվարի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանում էին, որտեղ նրանց ընդունել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Փետրվարի 16-ին միջնորդները Բաքվում էին, որտեղ հանդիպումներ էին ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 6-ին հայտարարել էր, որ «հիմա սահմանին դանդաղ, դիրքային, ականային պատերազմ է»: