Գլխավոր դատախազությունն անհեթեթ է որակում Գյումրիի սպանդի գործով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` Ռուսաստանի իր պաշտոնակից Յուրի Չայկային հղած նամակի բովանդակության շուրջ կասկածները:
«Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդության շուրջ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն:
Հաշվի առնելով տվյալ քրեական գործի կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն:
Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»,- ասված է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
***
Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։
Պերմյակովի ձերբակալությունից հետո ի պատասխան պահանջների, որ նա հանձնվի Հայաստանի Հանրապետության իրավազորությանը, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ դա թույլ չի տալիս ՌԴ սահմանադրությունը։
Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցները շարունակեցին պահանջել Պերմյակովին հանձնելու Հայաստանի իրավազորությանը: Գևորգ Կոստանյանը ցուցարարներին ասաց, որ «տղամարդավարի խոստանում է» հարցի առնչությամբ դիմել Ռուսաստանի իր պաշտոնակցին:
Փետրվարի 3-ին գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Պերմյակովին ՀՀ իրավազորությանը հանձնելու միջնորդությամբ դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազին։ Մի շարք լրատվամիջոցներ, սակայն, կասկածի տակ են դնում, որ հայկական կողմն իսկապես այդ հարցով դիմել է ռուսական կողմին։