Հայերը արաբներին «շախմատ խաղալ կսովորեցնեն»

Արաբական Միացյալ Էմիրությունները մեծապես հետաքրքրված է շախմատի ոլորտում Հայաստանի օրինակելի փորձն ուսումնասիրելու և ԱՄԷ-ում այն կիրառելու հարցում:

Այս մասին Երևանում փետրվարի 19-ին ասել է Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ ալ Մեիբալը, որին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սաիդ ալ Մեիբալը տեղեկացրել է, որ իր երկրի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ անելու նաև շախմատի ոլորտում:

Նա նշել է, որ չափազանց տպավորված է Հայաստանում շախմատի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով, աշխարհում առաջինը հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման հաջողված փորձով և առանց տարիքային սահմանափակման շախմատ խաղալու մշակույթն ամբողջ երկրում տարածելու աշխատանքով:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանի և ԱՄԷ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ ալ Մեիբալի միջև Համագործակցության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

Մեկնաբանել