«Թուրքական հոսքը» խառնվում է «Հարավայինի» հետ

Ռուսաստանը կարող է մասնակիորեն վերադառնալ «Հարավային հոսք» գազատարի նախագծին, որը սկանդալային կերպով փակվել էր անցյալ տարեվերջին, գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը:

Հունգարիա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունները ցույց են տվել, որ «Թուրքական հոսք» նոր այլընտրանքային նախագծի շրջանակում «Գազպրոմը» դիտարկում է Հարավարևելյան Եվրոպայում գազատարների կառուցման հնարավորությունը՝ «Հարավային հոսքի» մոտավոր երթուղիով:

««Հարավային հոսքի» շուրջ մեր պայմանավորվածություններն ու համատեղ ձեռնարկությունները կարող ենք օգտագործել Սերբիայի, Հունգարիայի և մյուս գործընկերների հետ»,- ասել է Պուտինը: Նա ընդգծել է, որ այդ ամենը հնարավոր է, եթե իրենց եվրոպացի գործընկերները համագործակցելու ցանկություն ունենան, ու «եթե իրենց չխանգարեն»:

Հունգարիայի վարչապետն արդեն առաջարկել է այլընտրանք՝ գազատարը կառուցել Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի և Հունգարիայի տարածքով: Նրա խոսքով՝ այդ երկրների ղեկավարությունների հետ բանակցություններ արդեն անցկացվել են:

«Կկարողանա՞նք արդյոք դա իրագործել՝ ապագայի հարց է: Ամեն դեպքում, պարոն Պուտինն ինձ հուսադրեց»,- ասել է Հունգարիայի վարչապետը:

Bloomberg-ի հետ զրույցում նա հայտնել է, որ պայմանավորվածության պայմաններից մեկն այն է, որ Հունգարիան ռուսական գազը չվերավաճառի Ուկրաինային:

2014թ. դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը մասնակցությունից։ Ռուսաստանի նախագահն իր որոշումը բացատրել էր եվրոպացի գործընկերների հետ առկա դժվարություններով և դժգոհել էր նրանցից։

«Հարավային հոսք» գազամուղը ռուս-իտալա-ֆրանս-գերմանական նախագիծ էր, որը Սև ծովի ռուսական ափից պետք է ձգվեր մինչև Բուլղարիայի Վառնա նավահանգիստ, որտեղից նրա երկու ճյուղերը Բալկանյան թերակղզով պետք է անցնեին Իտալիա և Ավստրիա, թեև դրանց հստակ երթուղիներն այդպես էլ չէին հաստատվել։ Գազամուղի շինարարությունը սկսկվել էր 2012թ.։ Ավարտը նախատեսված էր 2015թ.։ Թողունակությունը պետք է կազմեր տարեկան 63 մլրդ խմ: Նախագիծը գնահատվում էր 16 մլրդ եվրո։

Օգոստոսին «Հարավային հոսք Բուլղարիա» ընկերությունը Եվրահանձնաժողովի կարգադրությամբ դադարեցրել էր Բուլղարիայի տարածքում «Հարավային հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ պայմանագրերի կնքումը։

Հունգարիան՝ Արևելքի և Արևմուտքի միջև

Շատերին զարմացնում է Հունգարիայի վարչապետ Օրբանի բարեկամական վերաբերմունքը Պուտինի հանդեպ՝ չնայած ուկրաինական հակամարտությանը: Վերլուծաբանները կարծում են, որ Օրբանի համակրանքի պատճառը իր երկրի համար էժան էներգակիրների աղբյուր ապահովելն է:

Անցյալ տարեվերջին նա հայտարարել էր, որ կցանկանար Հունգարիայի համար էժան էներգիայի աղբյուր ապահովել, և այդ հարցում նա հույս է դնում հենց Պուտինի վրա, ինչը դրսևորվում է նաև ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում նրա բավական մեղմ հայտարարություններով:

Մեկնաբանել