Այնթափի հայերի կոտորածի մանրամասների մասին պատմում է Ումիթ Քուրթը

Umit Kurt Miran webԹուրք պատմաբան Ումիթ Քուրթը, որն ԱՄՆ-ի Կլարկ համալսարանում  ուսումնասիրում է Այնթափի հայերի  կոտորածները,  հարցազրույց է տվել Ստամբուլի  «Ակօս» թերթին:  Ումիթ Քուրթի ուսումնասիրության կենտրոնում Օսմանյան կայսրության այս կամ այն գավառում իրականացված Հայոց ցեղասպանության հարցն է: Նա պատմում է, թե  ինչպես է Այնթափի հայությունն աքսորվել, ինչ պաշտոններ են ստանձնել հայերի կոտորածների մասնակիցները հանրապետական Թուրքիայում և ինչպես է Թուրքիան յուրացրել հայկական գույքը: Հոդվածը թարգմանությամբ և կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

1915 թվականից առաջ հայերի և Այնթափում ապրող մյուս ազգերի հարաբերությունները շա՞տ լարված էին։

Մինչև 19-րդ դարի վերջին քառորդը Այնթափում հայերի և տեղի մահմեդական բնակչության միջև հարաբերական ներդաշնակ հարաբերություններ էին հաստատվել։ Սակայն հենց այդ շրջանում՝ հատկապես տնտեսական և կրթական ոլորտում, հայերի հաջողությունները և դրան զուգահեռ թուրք-մուսուլման բնակչության տեղում դոփելը պատճառ դարձան, որ նույն տարածաշրջանի երկու տարբեր ժողովուրդների միջև բաժանարար գծեր առաջանան: Մահմեդական բնակչությունը չէր ընդունում հայերի «գերազանցությունը», նախանձում էր հայերին, ինչն էլ վերջ տվեց գոյություն ունեցող հարաբերական ներդաշնակությանը։

Ե՞րբ սկսեցին վատթարանալ հարաբերությունները։

Հայ առևտրականների առանձնահատուկ դիրքը պատճառ էր դառնում, որ  նախանձը վերածվի ոխի և հարաբերությունները գնալով վերածվեն առճակատման: Առաջին անգամ այն սկսվեց 1895թ․ նոյեմբերին։ Այդ ժամանակ հայերի ջարդ տեղի չունեցավ տնտեսական հարաբերությունների կենտրոն համարվող շուկայում: Տնտեսական շարժառիթի առումով բացարձակապես զարմանալի չէ:

Սահմանադրության հռչակումից հետո Այնթափում հայերը, որոնք արդեն զանգվածային կոտորածների ենթարկվելու փորձառություն ունեին,  սկսեցին զինվել։ Հատկապես Դաշնակցության գլխավորությամբ այնթափցիներն ավելի քաղաքականացվեցին։ Դա էր հիմնական պատճառը, որ 1909թ․ ապրիլին Ադանայում սկսված և Դորթյոլը, Օսմանիյեն, Դյուզջեն, Քիլիսն ընդգրկած ջարդերը Այնթափում չեղան:

Այնթափում 1915թ․ ո՞ր ամսին սկսվեց տեղահանությունը։

Այնթափի հայության տեղահանությունն սկսվում է Անատոլիայի (Արևմտյան Հայաստան և Փոքր Ասիա – ՍիվիլՆեթ) մյուս վիլայեթներից բավական ուշ՝ հուլիսին 30-ից օգոստոսի 1-ը։ Այնթափը մինչ 1915թ․ հատկապես Զեյթունի, Մարաշի, Սեբաստիայի, Էլբիստանի, Գյուրունի և Ֆըռնուզի վայրերից աքսորված հայերի համար կարծես տարանցիկ ուղի լիներ։ Հայերն Այնթափի Աքչաքոյուն և Քաթման գնացքի կայարաններից ուղարկվում էին Հալեպ։ Այդ պատճառով տեղեկություններ ունենք, թե ինչ է տեղի ունեցել Այնթափի հայության հետ։ Արդեն 1915թ․ մայիսի 3-ին, թվարկված գավառներից Այնթափ 300 հոգանոց հայ աքսորյալների քարավան  է գալիս:

Աքսորյալների քարավանը՝ ամբողջությամբ բաղկացած կանանցից ու երեխաներից, գալիս էր Զեյթունից։  Նրանց սպասեցնում են Այնթափից 15 կմ հեռավարության վրա գտնվող Քավաքլըք կոչվող վայրում։ Քաղաք հասցնելու կամ նրանց օգնելու համար աքսորյալները պետք է կաշառք տային քարավանները հսկողներին։ Գիշերը Քավաքլըքում մնացած աքսորյալները հարձակման են ենթարկվում ու թալանվում, կողոպտվում է նրանց ունեցած-չունեցածը։

Մինչև հուլիսի վերջին շաբաթը աքսորյալների քարավանները շարունակում էին հասնել քաղաք, իսկ  նրանց դեմ հարձակումները կազմակերպում էր դեռևս 1915թ․ ապրիլին քաղաք եկած Թեշքիլաթը-Մախսուսայի բարձրաստիճան անդամներից հրոսակապետ Ալի բեյը։

Ինչո՞ւ էր Այնթափի աքսորն ուշանում:

Այնթափը մինչև հուլիսի վերջ տեղահանվող գավառների ցանկում չլինելու պատճառներից մեկն այն էր, որ քաղաքի կառավարիչ Շյուքրու Բեյը և ռազմական հրամանատար Հիլմի բեյը դեմ էին նման որոշմանը։  Սա հստակորեն ի ցույց է  դնում, որ Ցեղասպանության ընթացքում կենտրոնական և տեղական իշխանությունների միջև անվերապահ համաձայնություն չկար։ Չնայած նրանց դիրքորոշմանը՝  Այնթափի երևելի մարդիկ՝ Ալի Ջենանի և Ֆադըլ բեյերը 1915թ․ մարտից հակահայկական քաղաքականությամբ են զբաղվում և հսկայական ջանքեր գործադրում համոզելու կենտրոնական կառավարությանը աքսոր կազմակերպելու համար։

Նրանք Ստամբուլ հեռագրեր են ուղարկում և կառավարությանը հայտնում, թե  հայերը նախապատրաստվում են հարձակվել տեղի մզկիթների վրա, սպանել թուրքերին, բռնաբարել կանանց, վառել ու ավիրել թուրքերի տները, թալանել դրանք: Այդ զեկույցների հիման վրա Ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշան իր տեղակալ Ֆահրի փաշային ուղարկում է Այնթափ տեղում դրությունը հանգամանորեն քննելու համար։  Նրա պատրաստած զեկույցում ասվում է, որ չի գտնվել որևէ փաստ, որը կապացուցի հեռագրերում առկա տեղեկությունները։

Ինչո՞ւ է հուլիսին ընդունվում տեղահանության որոշումը:

Հուլիսի վերջին «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատասխանատու քարտուղար Ջեմալ բեյը Այնթափ է գալիս։ Նրան Այնթափ ուղարկելու նպատակը հետևյալն էր․ Այնթափի ճանաչված և ղեկավար մարդկանց միջոցով համոզել Ստամբուլին՝ աքսորելու Այնթափի հայերին:  Ջանքերն արդյունք են տալիս և հուլիսի 29-ին Ստամբուլն ընդունում է տեղահանության որոշումը։ Քաղաքում հավաքված իթթիահատականներն անմիջապես կազմում են Այնթափից աքսորվող հայերի ցուցակը։ Այդ ընթացքում քաղաքի կառավարիչ Շյուքրու բեյն ու ռազմական հրամանատար Հիլմի բեյը հրաժարական են ներկայացնում։

Հուլիսի 30-ին շրջիկ մունետիկները  կարդում են աքսորի հրամանը։ 1915թ․ օգոստոսի 1-ին, 4-ին, 8-ին, 11-ին և 13-ին  այնթափցի առաքելական հայերի  վեց քարավան բռնում է աքսորի ճանապարհը: 1915թ․ սեպտեմբերին հետևում է կաթոլիկ հայերի, իսկ դեկտեմբերին՝ բողոքական հայերի տեղահանությունը։

Այնթափի առևտրականները ներգրավա՞ծ էին Ցեղասպանության մեջ:

Այնթափի վարչական, քաղաքական և քաղաքացիական դերակատարները աքսորելու գործում կենտրոնական կառավարությունից շատ ավելի պատրաստակամ և հաճկատար էին։ Հատկապես ցանկանում եմ խոսել Այնթափի երկու տեղական ղեկավարի մասին։ Նրանից մեկը՝ Այնթափի պատգամավոր, Այնթափում «Միություն և առաջադիմություն» կոմիտեի հիմնադիր անդամ Ալի Ջենանին էր, իսկ մյուսը հայերի տեղահանությանը մշտապես դեմ արտահայտվող և տեղահանության որոշումից հետո հրաժարական ներկայացրած Շյուքրու բեյին փոխարինած Ահմեդ բեյը:

Ալի Ջենանին և Ահմեդ Բեյը ոչ միայն ակտիվ դեր են կատարում Այնթափի հայերի տեղահանության գործում, այլև ժողովրդի մեծ մասին ներքաշում են այդ գործընթացի մեջ։ Այնթափի հայերին աքսորելուց հետո նրանց գույքը, հարստությունը բռնագրավելու և թալանելու գործում էլ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում։ Հատկապես Ահմեդ բեյը տեղի բնակչությանը հայերի գույքին ու տունուտեղին տիրանալու երաշխիք է տալիս և ներառում կոտորածների իրականացման մեջ։

Շուրջ 15 հազ․ հայերի գույքը բռնագրավելու համար հատուկ կոմիտե է ստեղծվում, որի անդամներից Դաբբաղ Կիմազադեն, Քադիր Նուրիբեյօղուն և Զեքի Հաջըհալիլզադեն մեկնում են Դեր Զոր և երբ անձամբ համոզվում են, որ հայերը կենդանի մնալու և Այնթափ վերադառնալու հնարավորություն չունեն, որից հետո վերադառնում և արագացնում են գույքի բաժանման գործընթացը։

 

շարունակելի