Կառավարությունը հավանություն տվեց Որոտանի հէկի վաճառքի նորացված պայմանագրին

Կառավարությունը փետրվարի 19-ի նիստին հավանություն է տվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքի առուվաճառքի պայմանագրի լրամշակված տարբերակին:

Ըստ գործադիրի՝ լրամշակված տարբերակը բարեփոխված է և նպատակ ունի կողմերի իրավահարաբերություններն առավել հավասարակշռված եղանակով կարգավորել: Փաստաթուղթը կառավարության անունից ստորագրելու լիազորությունը վերպահվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

***

Հայաստանի կառավարությունը ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների հետ Որոտանի հեկերի գույքի առքուվաճառքի մասին պայմանագիր ստորագրել էր 2014-ի հունվարին:

Ամերիկյան «Կոնտուր գլոբալ» (Contour Global) ընկերության կողմից Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ ՀՀ կառավարության հետ բանակցությունների մասին հաղորդագրությունը տարածվել էր 2013թ. հունիսին, իսկ նոյեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել էր, որ «Կոնտուր գլոբալ» ընկերությունը 180 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանի էներգետիկ ոլորտում: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014թ. նոյեմբերի 27-ին թույլատրել էր պետական «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառել «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը։

Գործարքը Հայաստանում քննադատության է արժանացել կոռուպցիոն ռիսկերի առումով. առուվաճառքի պայմանագրով գումարը փոխանցվելու էր ոչ թե Հայաստանի կառավարության անմիջական տնօրինությանը, այլ հէկերը շահագործող պետական ընկերության հաշվին՝ դրանից բխող չարաշահումների ռիսկով։ Բացի այդ, գործարքը չէր հաստատվելու Ազգային ժողովի կողմից։ Դեկտեմբերին հայկական կողմը հայտարարեց, որ «ձգձգումների պատճառ հանդիսացող հարցերը լուծված են»։

Որոտանի հէկերի համալիրին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15 տոկոսը։

Մեկնաբանել