Ադրբեջանն առաջարկում է փոխել Մինսկի խմբի համանախագահող երկրները

Ադրբեջանն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում ընդգրկել Գերմանիան և Թուրքիան: Առաջարկը Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին հնչեցրել է վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ազայ Ղուլիևը, հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը: Ղուլիևի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահողների կազմում փոփոխությունը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարող է թարմ գաղափարներ բերել»:

Մինսկի խումբը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով զբաղվում է 1992-ից: Խմբի անդամներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ եռյակը կազմող երկրները` ռոտացիոն սկզբունքով: Մինսկի խմբի ղեկավարումը իրականացնում է համանախագահությունը, որի մասին որոշումն ընդունվել է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում, մանդատը հաստատվել է 1995թ.: Ներկայում Մինսկի խմբի համանախագահներն են դեսպան Իգոր Պոպովը (ՌԴ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ):

1995թ. օգոստոսի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահը ստեղծել է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, որը 1996թ. հուլիսից զբաղեցնում է դեսպան Անջեյ Կասպշիկը (Լեհաստան):

Համանախագահները փետրվարի 17-ին տարածաշրջանային այցով ժամանել են Հայաստան, իսկ փետրվարի 18-ին մեկնել են ԼՂՀ:

Մեկնաբանել