Նոր նախագիծ 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Year100.org

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը գործարկել է Year100.org նախագիծը՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թեմայի շուրջ հրապարակումների, համաժողովների և միջոցառումների ուղեցույց:

Ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանն ասել է, որ նախագծի նպատակն ավելին է, քան միայն անցյալի վրա լույս սփռելը: Այն հանրության ու գիտաշխարհի համար գործունեության հնարավոր ուղղությունների ուղեցույց է:

«Ուրախալի է տեսնել, թե ինչպես են աշխարհով մեկ գիտնականները, արվեստագետները, գրողները հազարավոր նոր ձևերով նշում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ուղեցույցը ներառում է ոչ միայն հայերի կամ գիտնականների աշխատանքը, այլև գիտակից մարդկանց գործունեությունը որտեղ էլ լինեն: Հավատացած ենք, որ պարտավոր ենք իրադարձությունների, միջոցառումների, գրքերի ու կայքերի մասին տեղեկատվություն կիսել՝ խրախուսելու համար տեղեկատվական հոսքն ու թեմայի շուրջ բանավեճը»,- ասել է Սալբի Ղազարյանը:

Year100.org կայքը եռալեզու է (անգլերեն, հայերեն և թուրքերեն) և, ինչպես բնորոշել է Սալբի Ղազարյանը, համապարփակ է, ոչ թե ընտրովի, այն վկայում է, որ ազգը վերապրումից «շարժվել է դեպի զարգացում ու ստեղծարարություն»:

Զարգացմանը և ստեղծարարությանն է նվիրված Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից կազմակերպվող «Ստեղծարար Հայաստան» միջոցառումը, որին մասնակցում են հայաստանյան մի շարք ընկերություններ ու հաստատություններ, Սփյուռքի նշանավոր գործիչներ։

Մեկնաբանել