Սեյրան Օհանյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

4EKV8oeV38Hgvq05c3SA6OIhf8Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և Պիեռ Անդիոին (Ֆրանսիա): Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

«Պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած հիմնական պատահարները, լարվածության կտրուկ աճը պայմանավորող հնարավոր գործոնների մասին իր տեսակետները:

Կողմերը մտահոգություն են հայտնել վերջին ամիսներին հակամարտող ուժերի միջև շփման գծում իրավիճակի թեժացման կապակցությամբ` միակարծիք լինելով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտության հարցում: Քննարկվել են առաջնագծում վստահության ամրապնդման և պատահարների բացառման մի շարք հնարավոր լուծումներ, որոնք կյանքի կոչելու ուղղությամբ Սեյրան Օհանյանը հայտնել է հայկական կողմի անվերապահ հանձնառությունը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Փետրվարի 19-ին` ավելի վաղ, Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ, իսկ փետրվարի 18-ին նրանց ընդունել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Փետրվարի 17-ին համանախագահներին ընդունել էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փետրվարի 16-ին միջնորդները Բաքվում էին, որտեղ հանդիպումներ էին ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 6-ին հայտարարել էր, որ «հիմա սահմանին դանդաղ, դիրքային, ականային պատերազմ է»:

Մեկնաբանել