Նավալնին վստահ է, որ Կրեմլը չի կարողանալու հաղթահարել առկա խնդիրները:
Մոսկվայի Պրեսնենյան դատարանը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին մեղավոր է ճանաչել վարչական խախտման մեջ՝ մետրոյում չարտոնված ակցիայի քարոզչության համար, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Նավալնիին ձերբակալել են մարտի 1-ին նախատեսված «Գարուն» հակաճգնաժամային երթի կոչ անելու համար: Ռուսաստանի իրավապահ մարմինները կարծում են, որ ընդդիմադիր գործչի գործողությունները ցույցերի մասին օրենքի խախտում են: Նա ազատազրկվել է 15 օրով:
Ալեքսեյ Նավալնին իր բլոգում գրել է, որ գործը վարող դատավոր Իրինա Զուբովան նախկինում նույնպես իրեն դատապարտել էր 15 օրվա ազատազրկման. դա եղել է 2012թ.՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունից հետո, երբ Նավալնին մասնակցում էր բողոքի ակցիաներին:
«Պետք չէ ինձ տուգանել՝ ես փող չունեմ, և պետք չէ ինձ մեկուսարան նստեցնել՝ ես ժամանակ չունեմ»,- ասել է Նավալնին:
Մարտի 1-ի Մոսկվայում հակաճգնաժամային երթ անցկացնելու հայտ են ներկայացրել Միխայիլ Խոդորկովսկին, Ալեքսեյ Նավալնին, քաղաքական գործիչներ Բորիս Նեմցովն ու Միխայիլ Կասյանովը (ՌԴ նախկին վարչապետ): Երթը նախատեսվում էր անցկացնել Մոսկվայի կենտրոնում, սակայն քաղաքապետարանն առաջարկել է այն տեղափոխել ծայրամասային շրջան:
Իր բլոգում Նավալնին գրել է, որ դեմ չէ ակցիայի անցկացման վայրը փոխելուն. այն կարող է անցկացվել ցանկացած տարածքում:
Վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ Նավալնիին 15 օրով ազատազրկելով՝ իշխանությունները ցանկանում են կանխել նրա մասնակցությունը հակաճգնաժամային երթին: Ոմանք էլ կարծում են, որ լինելով իրավաբան՝ Նավալնին կարող էր կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենան իր գործողությունները:
Մարտմեկյան երթի մասին Նավալնին գրել էր. «Երթի գաղափարը պարզ է. նրանք, ովքեր նստած են Կրեմլում, չեն կարողացել և չեն կարողանալու հաղթահարել խնդիրները: Նրանք ունեին 15 տարի և 3 տրլն դոլար, որոնք ստացվել էին մեր բնական ռեսուրսների վաճառքից»: Նա վստահ է, որ նավթի գների անկումը «տապալել է» ռուբլին և մսխել բնակչության եկամուտները: