«Սերժ Սարգսյան անունով նախագահ չեմ ճանաչել և չեմ ճանաչելու». Նիկոլ Փաշինյան

MHM93481 copy«Հայաստանի Հանրապետության՝ Սերժ Սարգսյան անունով նախագահ չեմ ճանաչել և չեմ ճանաչելու՝ նույնիսկ նրան պաշտոնանկ անելու համար. Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահը չէ, այլ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ». այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ փետրվարի 20-ին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ներկայացնելով իր հեղինակած «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծը:

Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը 2008-ի մարտի 1-ի գործի նախաքննությունը օգտագործել են քաղաքական հակառակորդներին հետապնդելու, նրանց բանտարկելու, նրանց գործունեությունը թույլ չտալու և ըստ էության՝ 2008-ին բռնազավթած իշխանությունը պահելու համար:

Նա նշեց, որ նախագիծը կազմված է 10-ը կետերից, որոնցից առաջինով Սերժ Սարգսյանը մեղադրվում է Մարտի 1-ի փորձագետների փաստահավաք խումբը օրենքով չնախատեսված ձևով լուծարելու համար: Նրա խոսքով՝ նախագծում ներառված են Սերժ Սարգսյանի արարքներին ու գործունեությանը վերաբերող այն կետերը, դրվագները, որոնք կարող են վստահաբար ապացուցվել ցանկացած ատյանում: Փաշինյանը նշեց, որ սկզբնապես նախագիծն ունեցել է 8 կետ, այնուհետ՝ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին ունեցած հայտնի ելույթից հետո, ավելացվել է ևս երկուսը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է անգործության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ:

Ըստ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում Հայոց ցեղասպանությանը տվել է վիճելի պատամական փաստի կարգավիճակ, նույնը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցում՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հանդես եկավ հարակից զեկույցով՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում այդ նախագիծը քննարկել իրավական հարթության մեջ, սա դիտարկում է քաղաքական որոշակի գործընթաց, և իրենց «քաղաքական թիմը նպատակահարմար չի համարում այն շրջանառության մեջ դնելը»:

Մեկնաբանել