Թուրքիան օժանդակել է ջիհադիստներին Քեսապում. Cumhuriyet

Մի տարի առաջ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանը գրաված ջիհադիստների ներկայացրած կոորդինատների միջոցով էին ռմբակոծել սիրիական բանակի պաշտպանական դիրքերը, գրում է Թուրքիայի ընդդիմադիր և քեմալիստական Cumhuriyet թերթը, որը սերտ կապեր ունի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) հետ:

Քեսապում Թուրքիայի մատուցած ռազմական աջակցության մասին հայտնաբերվել են հեռախոսազրույցներ՝ Թուրքիայի Նիղդե քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կատարած հարձակման վերաբերյալ դատական գործի շրջանակներում:

Այդ հեռախոսազրույցների համաձայն՝ կոորդինատներ ուղարկող անձը Քեսապի մերձակա Բայըր-Բուջակ թուրքմենական շրջանի զինյալների ղեկավարներից Ադիլ Օռլին է: Նա և եղբայրը՝ Այհան Օռլին, հեռախոսով և Whatsapp համակարգով կոորդինատներ են ուղարկել Քեսապի հետ սահմանակից Թուրքիայի Յայլադաղ (Մուսալեռ) շրջանի՝ Երիտասարդական միության նախագահ և «Արդարություն և զարգացում» կուսակցության պատվիրակ Մեհմեդ Թոքթաշին:

Screen Shot 2015-02-20 at 12.34.26 Քեսապը՝ Սիրիայում և Յայլադաղը (Մուսալեռ)՝ Թուրքիայում

Այհան Օռլին Whatsapp-ով հաղորդում է. «Յոթ դիմադրական կետերի կոորդինատներն եմ փոխանցում քեզ: Ձեր այնտեղից կատարած զարկերը լավն էին: Մեր զինակիցներն էլ մնացած գործն արեցին: Սակայն այս յոթ կետերը դեռ կան: Դրանցից ամեն մեկին մեկական ռմբակոծում հերիք է»: Նրա այս նամակը ցույց է տալիս, որ դրանից առաջ արդեն Թուրքիայից Սիրիայում որոշ կետեր են ռմբակոծվել:

Cumhuriyet թերթի լրագրող Ահմեդ Շըքի հոդվածի համաձայն՝ ԱԶԿ անդամ Թոքթաշը կռվող ջիհադիստներին խորհուրդ է տալիս լավ թաքնվել, որպեսզի չվնասվեն Թուրքիայից կատարվող ռմբակոծությունների ժամանակ: Նրա հեռախոսը չէր գաղտնալսվում, այդ պատճառով ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե ում էր փոխանցում կոորդինատները: Նրանց գրանցված զրույցներում նշվում է, որ ջիհադիստներին ռազմամթերք ապահովելու հարցով ևս «Անկարայի» հետ հաղորդակցություններ են տեղի ունենում:

Հեռախոսազրույցներից հայտնի է դառնում նաև, որ Օռլին՝ Յայլադաղի նախկին կառավարիչ Թուրամ Յըլմազի հետ խոսում է, թե մի խումբ ջիհադիստներին ինչպես են սահմանից անցկացնում Սիրիա:

2014թ․ մարտի 21-ին սկսած հարձակման մասնակցել էին թուրքմենական զինյալ խմբեր, «Ալ Նուսրա» ահաբեկչական խումբը և «Իսլամական ճակատը»: Նրանք երեք օրում կարողացել էին Քեսապի շրջանը գրավել: Մարտի 23-ին, Քեսապում մղվող մարտերի ընթացքում Թուրքիան վայր էր գցել սիրիական մի ռազմական օդանավ՝ «սահմանը խախտելու» պատրվակով:

Թուրք զինվորների աջակցությամբ, Թուրքիայի Հաթայ շրջանի խորհրդարանի պատգամավորների գիտությամբ, ջիհադիստները հինգ տարբեր կետից Թուրքիայից անցել են Քեսապ՝ հարձակվելու, գրավելու և թալանելու համար:

150220 kollaj Թուրքիայի քաղաքացի, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) անդամ  և Յայլադաղի քաղաքապետարանի նախկին աշխատակից Յաշար Բենլին՝ Քեսապում

Երեք ամիս հետո՝ հունիսի 15-ին, Սիրիայի պետական բանակը կրկին տիրեց շրջանին և սահմանակետում հաստատեց իր վերահսկողությունը:

Այհան Օռլին՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) անդամ  և Յայլադաղի քաղաքապետարանի նախկին աշխատակից Յաշար Բենլիի հետ զրույցում պահանջում է, որ Թուրքիայից ռմբակոծվի այդ շրջանում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «45-րդ բլուրը», որտեղ նաև կան ռադիոհաղորդիչներ: Նա գրում է. «Այնտեղ մեծ թվով զինվորներ կան, եթե կարող եք խփել՝ մի զլացեք»: MHP-ի անդամ, Թուրքայի քաղաքացի Բենլին իր ֆեյսբուքյան էջում ունի Քեսապում կռիվների մասնակցությունը վկայող նկարներ:

Քեսապը 2014թ. մարտի 21-ից Սիրիայի հակակառավարական զինյալների վերահսկողության տակ էր, որոնք քաղաքի վրա հարձակվել էին թուրքական սահմանից: Քեսապի հայ բնակչության մեծ մասը տարհանվել էր Սիրիայի ծովափնյա Լաթաքիա քաղաք, ինչպես նաև Լիբանան՝ Բեյրութ և Անջար: Երկու տասնյակ հայ ծերեր քաղաքի գրավումից հետո տեղափոխվել էին Թուրքիայի վերջին հայաբնակ Վաքըֆ գյուղ: Սիրիական բանակի զորամիավորումները հունիսի կեսերին հետ վերցրին քաղաքը: Քեսապահայերից շատերը վերադարձան այնտեղ, մյուսները՝ ոչ։

Քեսապի վրա հարձակումից հետո Վաքըֆում ապաստանած քեսապցի տարեցները մեկնել էին Բեյրութ, որտեղ նրանց մեծ մասը ապաստանել էր ազգականների մոտ: