Վերելակով ավտոբուսներ՝ հատուկ կարիքավորների համար. առայժմ հինգ երթուղի

9ffb0f1655f914f858ab28e7b490d9032092ab4dԵրևանում փետրվարի 20-ին շահագործման են հանձնվել վերելակներով կահավորված ավտոբուսներ՝ հատուկ կարիքներով անձանց համար, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Վերելակները Հայաստան էին ներկրվել 2014-ի վերջին, սկսվել էին «Հայգեր» ավտոբուսներում դրանց տեղադրման աշխատանքները:

Ավտոբուսները հինգ երթուղի են սպասարկում։ Այդ երթուղիները, ինչպես նաև սպասարկման ժամային միջակայքերը համաձայնեցվել են հասարակական կազմակերպությունների հետ:

Ընտրության հիմքում դրվել է նաև սկզբունքը, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն ունենան:

Թիվ 13 երթուղին կգործի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ,

թիվ 20 երթուղին՝ Ավանից Կենտրոն,

թիվ 22-ը՝ Նոր Նորքից Կենտրոնով կգնա մինչև Էրեբունի,

թիվ 28 երթուղին Քանաքեռ-Զեյթունից Նոր Նորքով կձգվի մինչև Արաբկիր և Աջափնյակ, ապա՝ Հայկական կարմիր խաչի ընկերության «Գրացիա» վերականգնողական կենտրոն,

թիվ 35 երթուղին Նոր Նորքից կձգվի Կենտրոն, այնուհետ Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ:

Ծրագիրը կշարունակվի 2015-ին: Այդ նպատակով համայնքային բյուջեներից հավելյալ միջոցներ կտրամադրվեն, ինչի արդյունքում կավելանա նաև հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված երթուղիների քանակը: