«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ փետրվարի 20-ին բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի դիմաց, այնուհետև երթով շարժվել են Ազատության հրապարակ: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, այժմ նրանք նախագահական նստավայրի դիմաց են: «Նաիրիտի» նախկին աշխատակիցները ձեռքներին ունեն պաստառներ` «Աշխատավարձի պարտքերի մարում», «Կառավարությունը «Նաիրիտին» պարտք է 5 մլրդ դրամ», «Մենք չենք ուզում դառնալ գաղթական», «Աշխատավարձի ստացումը հիմնարար իրավունք է» և այլ գրություններով:
Ցույցին հիմնականում մասնակցում են գործարանի` փետրվարի 6-ին աշխատանքից ազատված աշխատակիցները: Նրանք պահանջում են աշխատավարձի վերջնահաշվարկ:
Ներկայում նաիրիտցիների 6-հոգանոց պատվիրակությունը հանդիպում է անցկացնում նախագահական նստավայրում:
***
«Նաիրիտ» գործարանն արդեն հինգ տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ 1 մլն դոլար է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը:
Փետրվարի 6-ին «Նաիրիտ» գործարանի 1700 աշխատակից ազատվել էր աշխատանքից:
Համաշխարհային բանկը փետրվարի 19-ին հայտարարեց, որ 110 հազ. դոլար դրամաշնորհային միջոցներ կմոբիլիզացնի «Նաիրիտի» շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման նպատակով: