Գյուղնախարարությունը հորդորում է չշտապել, ցրտահարություններ են սպասվում

MHM86653Հանրապետության ցածրադիր տարածաշրջաններում մինչև մարտի վերջ կարող են դիտվել սառնամանիքներ, իսկ մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակի սկիզբը պահպանվում է ցրտահարությունների վտանգը, զգուշացնում է  գյուղատնտեսության նախարարությունը։

Գյուղնախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ  Արարատյան հարթավայրի մի շարք համայնքներում սկսվել են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին վայրերում` նույնիսկ խաղողի վազերի էտի ու ձևավորման, կարտոֆիլի տունկի աշխատանքները՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով ստեղծված հնարավորությունները:

Հետագա հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով նախարարությունը հորդորում է Արարատի, Արմավիրի մարզերի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածի համայնքների գյուղացիական տնտեսություններին ավելորդ շտապողականություն չցուցաբերել և առայժմ կազմակերպել միայն հնդավոր (խնձորենի, տանձենի, սերկևիլենի), իսկ փետրվարի 25-ից հետո` կորիզավոր (դեղձենի, ծիրանենի և այլն) պտղատեսակների էտի աշխատանքները: Խաղողի այգեբացը, վազերի էտը և վաղահաս կարտոֆիլի տունկը նպատակահարմար է իրականացնել մարտի 5-ից հետո: