Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա հանուն հայրենիքի. Րաֆֆի Հովհաննիսյան

MHM93493

Եռյակ այլևս գոյություն չունի: Այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը  փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բացօթյա մամուլի ասուլիսին:

«Ցավում ենք, որ մեր գործընկերներն իրենք են որոշել՝ իրենց քայլերով, դուրս գալ եռյակից»,- ասաց Հովհաննիսյնաը։

Նրա խոսքով՝ համագործակցությունը հնարավոր է քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերի հետ, որոնք պահանջում են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ և Սերժ Սարգսյանի հրաժարական։

«Մեր ժողովուրդը պարզ արդարություն է ուզում, մեր հայրենիքում ապրելու, շնչելու, աշխատելու հեռանկար է ուզում։ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա հանուն հայրենիքի, ժողովրդի, իր թոռնիկների»,- նշեց նա։

Ի պատասախան Եռյակում մնալու-չմնալու հարցի՝ նա նշեց, որ «Ժառանգությունը» որևէ տեղից դուրս չի եկել։ «Մնացել է միշտ համագործակցության՝ խորհրդարանում, հրապարակում, ամեն տեղ եղել ենք հավասար մրցակից։ Մենք որևէ տեղից դուրս չենք եկել»,- ասաց Հովհաննիսյանը՝ հորդորելով հարցն ուղղել եռյակի անդամ մյուս ուժերին։

Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում, նրանց գրավոր և բանավոր ելութները:

«Այն հաշտեցումը, որի մասին մենք վերջերս իմացանք, դա քաղաքական իրավակարգությունից դուրս է։ Մենք, եթե այսօր բոլորս [ընդդիմադիր ուժեր] միասին այստեղ լինեինք, կունենայինք ազատ Հայաստան»,- ասաց նա։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փետրվարի 27-ին կրկին կլինի Ազատության հրապարակում՝ ընդգծելով, որ «սա մեկ օրվա պայքար չէ, այլ տևական պայքար է»:

Փետրվարի 21-ին Հովհաննիսյանը մեկնելու է Գյումրի՝ «ոչ քաղաքական հավաքի նպատակով, այլ գլոխ խոնրահելով և պատիվ պահանջելով»: