Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ պետությունների դեսպաններին

9882

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպաններին, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանն իր ներածական խոսքում նշել է, որ ԵԱՀԿ-ն մնում է որպես համաեվրոպական կարևոր հարթակ մարդու իրավունքների, ռազմաքաղաքական և տնտեսական-բնապահպանական հարթություններում առկա խնդիրների բարձրաձայնման ու քննարկման համար:

Այս համատեքստում Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարևոր է ոչ միայն ԼՂ հակամարտության կողմերի և Հայաստանի անմիջական տարածաշրջանի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար:

«Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է տարբեր առիթներով բազմիցս հրապարակված Հայաստանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ միջազգային իրավունքի և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները չեն կարող կամայականորեն մեկնաբանվել, և դրանցից որևէ մեկը չի կարող գերակայող լինել մյուսի նկատմամբ:

Նախագահը ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ անցյալ տարվա ընթացքում կայացած բանակցային գործընթացը, այս փուլում առկա մտահոգություններն ու խնդիրները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումները ստեղծված իրավիճակում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

Սարգսյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության օրակարգային հարցերին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններին, Եվրամիության հետ համագործակցության խորացման հեռանկարին, Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: