Շփման գծում դիտարկումն անցել է առանց միջադեպերի

OSCE-monitoringԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նախորդ դիտարկմանը, որը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը կրկին դուրս չէր բերել իր առաջապահ դիրքեր: