Գողական սխոդկայի շրջանակում պետության հարց են լուծել. Ռուբիկ Հակոբյան

UntitledՎերջին օրերի կատարվածը երկու անձերի կռիվ էր, պայքար էլ չէր` կռիվ էր, և այս ձևակերպումը տվեց իշխանությունը: Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բացօթյա մամուլի ասուլիսին այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` մեկնաբանելով  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը, դրան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխանն ու հաջորդած իրադարձությունները:

Խոսելով Սարգսյան-Ծառուկյան բանակցությունների կամ հաշտեցման մասին՝ Հակոբյանն ասաց․ «Գողական սխոդկայի շրջանակում պետության հարց են լուծել: Ոչ ոք տեղյակ չեղավ` ինչ կատարվեց»:

Նրա խոսքով՝ ժողովրդի 100 տոկոսը սպասում էր` ինչ պետք է լինի, ինչ լուծում պետք է ստանա. «Փաստորեն փակ սենյակներում նստեցին որոշեցին, ժողովրդի թիկունքում, ժողովրդին տեղյակ չպահեցին»:

Հակոբյանը չբացառեց Ծառուկյանին վախեցնելու տարբերակը։ «Հասկանալի է` ցանկացած մարդ կունենա մտահոգություն, որ կարող է տնով-տեղով, ազգությամբ վերացնեն, եթե քաղաքականությամբ զբաղվեն»,- ասաց նա: Բայցևայնպես, ըստ Հակոբյանի, «այդ հաշտությունը քաղաքական լեգիտիմությունից զուրկ է»:

«Կարծես թե մարդիկ պետություն չեն պատկերացնում: Դիտում են սա համքարություն, որտեղ կարող է ժողովրդի թիկունքում երկու-երեք հոգով որոշեն ժողովրդի խնդիրները: Այդ իրենց բանակցությունները, այդ հաշտությունը քաղաքական լեգիտիմությունից զուրկ է, կապ չունի ձեզ հետ, մեզ հետ, և ժողովուրդը դա լավ գիտակցում է: Նրանք, ովքեր մտածում են, որ կարող են համաժողովրդական այս պայքարը դիտել երկու անձի կռիվ, նրանք իսկապես ո´չ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ են, ո´չ պետական գործիչներ են և ո´չ էլ հասկանում են, թե ինչ է կատարվում պետության և ժողովրդի հետ»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Փետրվարի 15-ին կայացել էր ոչ իշխանական եռյակի` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը և որոշվել էր փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել ոչ իշխանական եռյակի հանրահավաք:

Փետրվարի 16-ին կայացավ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպում:

Փետրվարի 18-ին ԲՀԿ քաղխոհուրդը հայտարարեց, որ որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը: Դրան զուգահեռ հայտարաությամբ հանդես եկավ ԲՀԿ ղեկավարը` նշելով, թե «բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»: