Moody’s-ը Ռուսաստանի վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի

3960533Միջազգային Moody’s վարկանշային գործակալությունը փետրվարի 20-ին Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշը «Baa3» մակարդակից իջեցրել է մինչև «Ba1» սպեկուլյատիվ կամ «աղբային» մակարդակի` բացասական կանխատեսմամբ: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:

Գործակալությունն իր որոշումը պայմանավորել է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամով, ինչպես նաև նավթի գների անկմամբ:

Վարկանիշի իջեցման գործոնների շարքում նշվում է նաև հարկաբյուջետային և արժութային պահուստների կայունության հետագա թուլացումը և «անկանխատեսելի քաղաքական դինամիկան»: Բացի այդ՝ Moody’s-ն ընդգծում է «Ռուսաստանի իշխանությունների որոշումների ցածր, սակայն աճող ռիսկը», որը սպառնում է արտաքին պարտքի ժամանակին մարելուն:

Գործակալության կանխատեսմամբ՝ 2015-ին Ռուսաստանի տնտեսությանը խոր ռեցեսիա է սպասվում, և տնտեսական անկումը կշարունակվի 2016-ին:

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ Moody’s-ի որոշման հիմքում քաղաքական դրդապատճառներ են:

Գործակալությունը Ռուսաստանի պետպարտատոմսերի վարկանիշը` ներդրումային կատեգորիայի ամենաստորին «Baa3» մակարդակին էր դասել այս տարվա հունվարին: Նույն կերպ է վարվել նաև միջազգային Fitch վարկանշային գործակալություն: Վարկանշային հսկաներից առաջինը Standard & Poor’s-ն է Ռուսաստանի վարկանիշն իջեցրել «աղբային» մակարդակի՝ հունվարի վերջին:

Հունվարի 16-ին Moody’s-ն իջեցրել էր նաև Հայաստանի վարկանշային վարկանիշը՝ Ba2-ից Ba3-ի` բացասական կանխատեսմամբ: Գործակալությունն իր որոշումը պայմանավորել էր Հայաստանի արտաքին խոցելիության մեծացմամբ, որի պատճառը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումն է, ինչպես նաև երկրի տնտեսության հեռանկարների վատթարացումը, որն էլ պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության բացասական դինամիկայով: