Տեր-Պետրոսյանը բավարարված է Սարգսյանի պատասխանից

800_9385-copy1 (1)ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին պատասխանել էր Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրեն ուղղված բաց նամակին, որով Տեր-Պետրոսյանն առաջարկել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա նոր ուղերձ մշակել: Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն էր հայտնել այդ նպատակով հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս պատասխան նամակում ասել էր, որ «կտրականապես մերժում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի որակումները»՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ:

«Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»,- ասված է Մուսինյանի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել