Հայերին ոչնչացնելուց հետո թուրքական պետությունն սկսեց բաժանել նրանց գույքը. Ումիթ Քուրթ

Screen Shot 2015-02-21 at 15.03.10Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը, որն ԱՄՆ-ի Կլարկ համալսարանում ուսումնասիրում է Այնթափի հայերի կոտորածները, հարցազրույց է տվել Ստամբուլի «Ակօս» թերթին: Ումիթ Քուրթի ուսումնասիրության կենտրոնում Օսմանյան կայսրության այս կամ այն գավառում իրականացված Հայոց ցեղասպանության հարցն է: Նա պատմում է, թե ինչպես է Այնթափի հայությունն աքսորվել, ինչ պաշտոններ են ստանձնել հայերի կոտորածների մասնակիցները հանրապետական Թուրքիայում և ինչպես է Թուրքիան յուրացրել հայկական գույքը: Հոդվածի թարգմանության երկրորդ մասը ներկայացնում ենք ստորև:

1915թ․ հետո եղե՞լ են հայեր, որոնք կարողացել են վերադառնալ Այնթափ։

1918թ․ վերջին և 1919թ․ սկզբին Այնթափի ողջ մնացած հայերը մի կերպ վերադառնում են քաղաք։ Սակայն ոչ բոլոր փրկվածներն են վերադառնում։ Այնթափ վերադարձողների մեջ կան նաև ոչ այնթափցի հայեր։ Հատկապես Սեբաստիայի, Կեսարիայի, Էրզրումի հայերը տեղավորվում են ավելի անվտանգ համարվող Այնթափում։ Այնթափն այդ ժամանակ գրավել էին անգլիացիները․ 1918թ․ դեկտեմբերին անգլիական ուժերը մտել էին քաղաք։

1919թ. հունվարի 23-ին անգլիական ուժերի հրամանար, գեներալ Մըք Անդրյուն հայերի տեղահանության և գույքի թալանի մեջ ակտիվ դերակատարում ունեցած մարդկանց ձերբակալելու հրաման է արձակում, ավելին՝ մինչև դատավարության ավարտը նրանց աքսորում է Եգիպտոս։

Այնթափն ազատագրական պատերազմի խորհրդանիշ համարվող քաղաքներից է, կարո՞ղ ենք ասել, որ դիմադրությունն իրականում հենց հայերի դեմ էր:

Հայերի վերադառնալուց հետո քաղաքի ղեկավարները, անշուշտ, հասկանում էին, որ հայերի աքսորի ընթացքում իրենց յուրացրած գույքն ու հարստությունը ձեռքներից գնալու է։ Այդ պատճառով՝ Անատոլիայում (Արևմտյան Հայաստան և Փոքր Ասիա – ՍիվիլՆեթ) գլուխ բարձրացրած ազգայնական ուժերին նյութական և ռազմական օգնություն են ցույց տալիս և որոշում Այնթափում զինված դիմադրություն ցույց տալ:

Թուրքական պաշտոնական պատմագրությունը տեղի ունեցածը ներկայացնում է իբրև Այնթափի համար ֆրանսիացիների դեմ մղվող պատերազմ: Սակայն պատերազմի իրական նպատակը Այնթափի հայերի վերադարձն արգելելն ու հայերին վերացնելն էր։

Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո Հայոց ցեղասպանության մեջ ներգրաված մարդիկ ի՞նչ են անում։

Այնթափի հայերի աքսորի և ոչնչացման մեջ ակտիվ դերակատարում ունեցած մարդկանց մեծ մասը քաղաքի երևելի անձինք էին։ Հանրապետության հիմնադրումից հետո նրանք կամ պահպանում են իրենց պաշտոնները, կամ ավելի բարձր պաշտոններ գրավում։

Ալի Ջենանին, որի անունն արդեն նշել եմ, 1915-1921թթ․ ազգային-ազատագրական պայքարի իրադարձություններին է մասնակից լինում և դառնում Ազգային մեծ ժողովի պատգամավոր: Հանրապետության հռչակումից հետո Ալի Ջենանին, որպես Մուստաֆա Քեմալի ամենամտերիմ մարդկանցից մեկը, պահպանում է իր տեղը մեջլիսում և 1924թ․ դառնում Առևտրի նախարար: Պարգևատրվածներից մեկն էլ Մեհմեթ Յասին Սանի Քուլթուղն է։ Յասին բեյը Այնթափի հայերի աքսորի ժամանակ հայ աքսորյալների քարավաններից մեկի ղեկավարն էր։ Նա դիտորդի դերում է մնում, երբ ճանապարհին հայերի վրա հարձակվում են, կոտորում, թալանում, գողանում են նրանց ինչքը, սպանում և բռնաբարում նրանց։ Ահա այս Յասին բեյը 1921թ․ Ազգային մեծ ժողովի պատգամավոր է դառնում, իսկ Հանրապետության հռչակումից հետո Այնթափից երկրորդ անգամ է ընտրվում պատգամավոր:

Հայկական գույքն է՞լ է օգտագործվում պարգևատրման համար:

1921-22թթ․, երբ հայերը վերջնականապես լքում են Այնթափը, նրանց տները, դաշտերը, հողերն ու այլ անշարժ գույքը շատ էժան գնով վաճառվում է։ Ավելի ճիշտ՝ տրվում է Այնթափում հայերի և ֆրանսիացիների դեմ կռվում վիրավորվածներին, թաղամասի հրամանատարներին և առհասարակ կռվի մասնակիցներին։

Մի կողմից յուրացնում են գույքը, մյուս կողմից կարծես շարունակում են լեգիտիմացնելու ուղիներ փնտրել:

Նման փնտրտուքը շարունակական է: «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը հայերին իրենց բնակավայրից աքսորում է, աքսորի ժամանակ էլ թուրք բնակչությանը խոստանում, որ հայերի գույքն իրենց է մնալու:

Հրապարակված բոլոր օրենքներում և հրամանագրերում շեշտվում է, որ ապրանքների իրական տերերը հայերն են, իսկ պետությունը նրանց անունից ստանձնել է միայն վարչական գործը։ Հետո այդ օրենքներն ու հրամանագրերն օգտագործվում են Անատոլիայում հայերի գոյությանը վերջ տալու նպատակով: Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո էլ նույն պրակտիկան շարունակվում է։ Ստորագրված միջազգային համաձայնագրերում Թուրքիան կրկնում է, որ հայերից մնացած գույքն ինքն է տնօրինում։

1924թ․ օգոստոսի 6-ից սկսած Թուրքիան խոստանում է, որ գույքը վերադարձնելու է։ Հետո Թուրքիան երկրի շուրջ կարծես ամրոց է կառուցում, փակում սահմանները և թույլ չի տալիս, որ անգամ մեկ հայ մտնի Թուրքիա: Հայերին չեն թողնում Թուրքիա գալ և հայտարարում են, որ նրանք փախել ու անհետ կորել են, միաժամանակ շարունակելով հայերի գույքի յուրացման գործընթացը։ Չնայած այդ ամենին՝ Թուրքիան երբեք չի ասում և չէր էլ կարող ասել, թե հայերն այդ գույքի վերաբերյալ որևէ իրավունք չունեն:

Ինչո՞ւ է Հանրապետական Թուրքիան «տեր կանգնում» Ցեղասպանությանը:

Կարիք կա՞ ասելու, որ շատ հստակ գողություն է տեղի ունենում: Սպանելուց ու ոչնչացնելուց հետո թուրքական պետությունը նստել է հայկական գույքի վրա, ապօրինաբար այն յուրացրել, և այժմ աղմուկ բարձրացնելով փորձում է սքողել ճշմարտությունը, որովհետև քաջատեղյակ է, թե 1915-ին ինչ անուն էլ տա, ինչպես էլ անվանի, գործ ունի լուրջ խնդրի հետ: Թուրքիան քաջ գիտակցում է, որ երբ դադարեցնի աղմուկ հանել, հայերից յուրացրած ապրանքները պետք է վերադարձնի կամ դրա դիմաց փոխհատուցում վճարի:

Հայերի վերաբերյալ ընդունված բոլոր օրենքների և հրամանագրերի էությունը մեկն է. ջնջել Անատոլիայի հայերի հետքը և արգելել, որ նրանք կրկին հայտնվեն այդ տարածքներում: Այս նպատակին հասնելու համար հայերին ֆիզիկապես ոչնչացնելը գուցե անհրաժեշտ, սակայն բավարար չէր, ֆիզիկական ոչնչացման չափ և գուցե դրանից էլ կարևոր՝ իրավական համակարգի միջոցով, հատկապես՝ «Լքյալ գույքի օրենքի» միջոցով, Անատոլիայից հայերի տնտեսական միջոցները և նրանց հետքերը ջնջելն էր:

Հոդվածի թարգմանության մաս առաջին

Մեկնաբանել