Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամների հետ

9892ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում:

Ինչպես հաղորդում են նախագահի գրասենյակից, սեմինարին կուսակցական կանայք ամփոփել են 2014թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել են դրանց արդյունքները, քննարկել են 2015թ. ընթացիկ աշխատանքներն ու կանանց խորհրդի առջև դրված խնդիրները:

«Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես կուսակցական, կազմակերպական, այնպես էլ հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու նախագահի որոշմանը, տարածաշրջանային մարտահրավերներին, մեր երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին և այլն»,- ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը կուսակցության պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել անցյալ տարվա ընթացքում առավել ակտիվ աշխատանքով աչքի ընկած կուսակցական կանանց:

Մեկնաբանել