Անկարան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի միջոցառումները. Today’s Zaman

gallipoli_turkey_visit_turkeyԹուրքիան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման արարողությունը, ասված է թուրքական Today’s Zaman պարբերականում լույս տեսած հոդվածում: Ըստ հրապարակման՝ նման որոշում է կայացվել՝ պայմանավորված նրանով, որ «աշխարհի առաջնորդները չեն ցանկանում այցելել Անկարա և դրանով իսկ ստվերել Երևանում կայանալիք արարողությունները»:

Պարբերականի համաձայն՝ Թուրքիայի կառավարության պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է. «Գալիպոլիի միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստական աշխատանքները կասեցվել են, քանի որ միջոցառումներին մասնակցության հաստատումների քանակը դրական չէ: Ընդամենը հինգ երկիր է ընդունել հրավերը, այն էլ՝ ներկայացված չեն լինելու բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»:

Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015-ի ապրիլի 24-ը հայտարարել էր Չանաքքալեի (Գալիպոլի-ՍիվիլՆեթ) ճակատամարտում հաղթանակի 100-ամյակի օր և Թուրքիա հրավիրել տարբեր երկրների առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Անկարայի այս քայլը շատերն ընկալեցին որպես փորձ՝ շեղելու աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից, որոնք անցկացվելու են այս տարվա ապրիլի 24–ին Երևանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը, արձագանքելով, Էրդողանի հրավերին, հայտարարել էր, որ «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործում» պատմության աղճատման իր գործիքակազմը»:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ»,- հարցադրում էր արել Սերժ Սարգսյանը:

Փետրվարի 5-ին թուրքական իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով աշխարհի առաջնորդներին չմասնակցել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին և դրա փոխարեն ապրիլի 24-ին այցելել Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կայանալիք արարողություններին:

Ակնարկ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Էրդողանին՝ միջոցառումների օրը հենց ապրիլի 24-ը ընտրելու համար և պնդել, թե Հայաստանը ոչ մի լուծման գործընթացի մեջ չի ցանկանում ներգրավվել։

Օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահական պալատում տեղի էր ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը, որին մասնակցել էր նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, կարճատև զրույց էր ունեցել Էրդողանի հետ և նրան հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Մեկնաբանել