Հայոց պատմությունը ադրբեջանական հատորներում

27316Անցնող օրերի ընթացքում կարդացի երկու գիրք, երկուսն էլ ռուսերենով, երկուսի հեղինակներն էլ՝ ադրբեջանցիներ: Այդ գրքերը իմ խնդրանքով Բաքվից Թբիլիսի էր բերել իմ բրիտանացի գործընկերներից Լորենս Բրոերսը: Երկու գրքերն էլ Հայաստանի մասին են: Այո, չզարմանաք, հարևան հանրապետությունում պատմաբանները, ուսումնասիրողները և պրոպագանդիստները հեզաբար կատարում են Իլհամ Ալիևի՝ տարիներ առաջ Ադրբեջանի ակադեմիային իջեցրած քաղաքական պատվերը, այն է՝ ամեն կերպ ապացուցել, որ հայերը եկվոր են ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Արարատյան դաշտավայրում:

Իսրաֆիլ Մամեդովին Երևանում՝ գիտության և կրթության շրջանակներում, հավանաբար հիշողներ կլինեն: Նա Հայաստանից հեռացած վերջին ադրբեջանցիներից է, մինչև 1980-ական թվականների վերջերը եղել է Խորհրդային Հայաստանի կրթության փոխնախարար և միաժամանակ «Սովետ Էրմենիստան»-ի ադրբեջաներեն թերթի գլխավոր խմբագիր: Հիմա շատերը, հատկապես նոր սերունդը, հավանաբար չգիտի, որ Խորհրդային Հայաստանի ավելի քան 160 հազար ադրբեջանցիները, որոնք ամենամեծ ազգային փոքրամասնությունն էին, հանրապետական «Սովետ Էրմենիստան» օրաթերթից բացի ադրբեջաներենով տեղական թերթեր ունեին նաև մի քանի շրջաններում:

Ժամանակին Մամեդովը գրում էր հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության մասին: Բաքու տեղափոխվելուց հետո նա գրում է հոդվածներ և գրքեր «ադրբեջանցիների տառապանքների մասին, որ նրանք ենթարկվել են Խորհրդային Հայաստանում»: Գիրքը, որ ես ընթերցեցի, կրում էր «Об истории, исконной земле и горькой судьбе азербайджанцев, изгнанных из нынешней Республики Армения» («Պատմության, բնիկ հողի և այսօրվա Հայաստանի Հանրապետությունից քշված ադրբեջանցիների դառը ճակատագրի մասին») խորագիրը:

Գիրքը ծայրից ծայր կեղծիք է: Մամեդովը ոչ միայն գրել է Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիների մասին, այլև իր գիրքը սկսել է հնագույն ժամանակներից և Ուրարտուի բնակիչներին համարել թուրքեր և ադրբեջանցիներ: Բնականաբար, ադրբեջանական են որակվել նաև Երևան քաղաքն ու Արարատյան դաշտավայրը, իսկ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջանն է: Ուշագրավ է, որ հայերենին քաջատեղյակ Մամեդովը իր գրքում գերազանցապես հղումներ է անում հայ պատմիչներին և հեղինակներին, իսկ ադրբեջանական ամենավաղ շրջանի աղբյուրը, որին նա հղում է անում, Զիա Բունյաթովն է՝ 1960-90-ական թվականների ամենահայտնի ադրբեջանցի կեղծարարը:

Անկասկած, այս որակի գրքերը չեն կարող լուրջ ընդունվել: Սակայն, մյուս կողմից, ավարտելով ընթերցանությունը, ես մտածեցի՝ իսկ ո՞վ է գրելու Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիների (Ադրբեջանում նրանց անվանում են еразы, այսինքն՝ Երևանի ադրբեջանցիներ) իրական պատմությունը: Սա շատ կարևոր թեմա է: Եթե որևէ օտար հեղինակ ուսումնասիրի Անդրկովկասի, այդ թվում՝ Հայաստանի ադրբեջանցիների պատմությունը, ապա օգտվելու է նաև Մամեդովի և այլ հեղինակների պրոպագանդիստական գրքերից: Ի՞նչ եք մտածում՝ հայ պատմաբաններ և արևելագետներ, ժամանակը չէ՞ գրելու կարգին հատոր Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիների մասին: Առանց կեղծիքների ու պրոպագանդայի: Ես համարում եմ, որ պետք է գրել նաև այն մասին, թե ինչպես Մյասնիկյանը Խորհրդային Հայաստան վերադարձրեց տասնյակ հազարավոր թաթարների, այսինքն՝ ադրբեջանցիների: Պետք է գրել, թե ինչպես Ստալինի հրամանով, բայց կամավոր կերպով, Խորհրդային Հայաստանից Կուր-Արաքսյան դաշտավայր փոխադրվեցին տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ: Պետք է գրել Խորհրդային Հայաստանից 1988-89 թվականներին ադրբեջանցիների հեռանալու մասին: Կարդացե՛ք, թե ինչեր են գրում ադրբեջանցիները այսօր: Խորհրդային Հայաստանի գոյության 70 տարիներին ադրբեջանցիները եղել են ամենամեծ ազգային փոքրամասնությունը, զբաղեցրել են պաշտոններ, ունեցել են մամուլ, հրատարակել գրքեր, որոնք, ամենայն հավանականությամբ, պահպանվում են մեր գրադարաններում: Եվ ի վերջո, եթե հայ հետազոտողները, պատմաբանները, արևելագետները բաց թողնեն պատմության այս շրջանը, որ ի դեպ, մե՛ր պատմության հատվածն է, ապա այն լրացնելու են ադրբեջանցիները իրենց կեղծ, հայատյաց հատորներով:

Երկրորդ գիրքը, որ կարդացի, Ռաֆիկ Սաֆարովի «Изменение этнического состава населения Эриванской губернии в XIX-XX веках» («Երևանի նահանգի բնակչության ազգային կազմի փոփոխությունը 19-20-րդ դարերում») հատորն էր: Շապիկին Հին Երևանի պատկերն է, որը հեղինակը համարում է ադրբեջանական քաղաք: Շրջում ես գրքի մյուս երեսը՝ Երևանից ոչ հեռու գտնվող թուրքմենական հայտնի դամբարանն է, որը հեղինակը կրկին համարում է ադրբեջանական: Ազգագրագետ Սաֆարովը ամբողջ գրքում փորձում է համոզել ընթերցողին, որ Երևանի նահանգը, որը 17-րդ դարում անվանվում էր Չուխուր Սաիդի բեգլարբեգություն, բնիկ ադրբեջանական տարածք է:

Իրականում, 1639թ. Քասր-է Շիրինի (Զուհաբի) պայմանագրով Հայաստանը, որ իր պետականությունը կորցրել էր 1045-ին, երկրորդ անգամ բաժանվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև: Ղաջարները իրենց տիրապետության տակ գտնվող հայկական հողերը՝ Արևելյան Հայաստանը, բաժանեցին երկու վարչական միավորների՝ բեգլարբեգությունների՝ Չուխուր Սաիդի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղի (Մեծ և Փոքր Սյունիք, Գանձակ-Գյանջա): Երկու բեգլարբեգություններն էլ ղեկավարում էին Ղաջարի տոհմի խաները, որոնք նստում էին Թավրիզում:

Սաֆարովը իր գրքում օգտվել է բազմաթիվ, այդ թվում՝ հայկական աղբյուրներից: Ի տարբերություն Իսրաֆիլ Մամեդովի, Ռաֆիկ Սաֆարովի հատորը շատ ավելի լուրջ և արժանահավատ կարող է թվալ օտար հետազոտողներին, հատկապես՝ սկսնակներին: Իրականում, գիրքը գրելու ընթացքում Սաֆարովի նպատակը եղել է ոչ թե իրական պատմությունը վերհանելը, այլ ապացուցելը, որ Երևանի նահանգը բնիկ ադրբեջանական հող է, որը այսօր զրկված է իր «բնիկներից»:

Ես չեմ կարծում, որ Հայաստանում պատմաբաններն ու արևելագետները պետք է հակադարձեն ադրբեջանցի կեղծարարներին և գրեն պրոպագանդիստական, ոչ պատմական, ոչ գիտական-ակադեմիական գրքեր, ինչպես անում են Ադրբեջանում: Այդպիսի գրքեր գրելը շատ ավելի դյուրին է և ոչ ժամանակատար: Ի վերջո, պետք է հասկանալ, որ նման գրքերը չեն կարող պատմական արժեք ունենալ և լուրջ ընկալվել: Սակայն հրամայական է ունենալ օտար լեզուներով լուրջ, պատմագիտական հատորներ ինչպես Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիների, այնպես էլ մոնղոլ-թաթարական, թուրքական, թուրքմենական, պարսկական և քրդական շերտերի մասին, որոնք Բագրատունյաց անկումից հետո հարյուրամյակներ ասպատակել և հաստատվել են ինչպես պատմական Հայաստանի, այնպես էլ հայկական այն տարածքների վրա, որն այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Մեկնաբանել