Գալիպոլիի տոնակատարությունը կկայանա. «Ակօս»  

Screen Shot 2015-02-23 at 11.20.44Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Today’s Zaman թերթի փետրվարի 21-ի հրապարակումը, ըստ որի Թուրքիան հրաժարվել է Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումների անցկացումից: Ստամբուլի «Ակօս» թերթի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարության անանուն աղբյուրն ասել է, որ նախատեսվածի պես միջոցառումները տեղի կունենան ապրիլի 24-ին:

Today’s Zaman-ը գրել էր, որ Թուրքիան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումների հիշատակման արարողությունը, քանի որ աշխարհի ղեկավարների կողմից մեծ հետաքրքրություն չի եղել թուրքական հրավերի նկատմամբ և «աշխարհի առաջնորդները չեն ցանկանում ստվերել Երևանում կայանալիք արարողությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»: Ըստ աղբյուրի՝ միայն հինգ երկիր է ընդունել հրավերը, որոնք էլ պետք է ներկայանան ոչ բարձր մակարդակով:

Today’s Zaman-ի լուրը հերքել է նաև Daily Sabah թերթը՝ վկայակոչելով նախագահականի իր աղբյուրները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քան 100 երկրների ղեկավարների, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավեր էր ուղարկել՝ 2015թ. ապրիլի 24-ին Թուրքիայում մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Մինչև 2013-ը Թուրքիան Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները անցկացրել է մարտի 18-ին: Ամսաթիվը տեղափոխելով ապրիլի 24` Թուրքիան ակնհայտորեն նպատակ ունի ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, որոնք ինչպես միշտ, նշվում են ապրիլի 24-ին: