ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ քառօրյան

bhk elinar vardanyanՓետրվարի 23-ին Ազգային ժողովի հերթական քառօրյային «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրիա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է քառօրյան և լքում է դահլիճը՝ «հաշվի առնելով Հայաստանում ստեղծված աննախադեպ քաղաքական իրավիճակը»: Նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կուսակցությունը հանդես կգա հստակ պարզաբանումներով իր հետագա  քայլերի վերաբերյալ:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին ասաց, որ ԱԺ-ի օրակարգում պետք է լիներ Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ-ի և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բռնարարքների, ինչպես նաև իրեն Սահմանադրությունից վեր դասելու իրողությունը, քանի որ իր ելույթով նա ցույց է տվել Սահմանադրության՝ որպես բարձրագույն օրենքի չգործելը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԲՀԿ-ն ունի խմբակցություն, որը, եթե անհրաժեշտ լինի, հանդես կգա Ծառուկյանի շահերի պաշտպանությամբ: Զուրաբյանն ի պատասխան նշեց, որ եթե Շարմազանովը լիներ «դեմոկրատ երկրի ԱԺ փոխխոսնակ, պետք է ստեղծվեր հանձնաժողով, որը պատրաստ կլիներ քննել ներքաղաքական հակասահմանադրական իրավիճակը»:

«Ես Ձեզ վերաբերվում եմ ճիշտ այնպես, ինչպես որ կաք, և ձախողված վրեժխնդրությունը ԱԺ-ն չպետք է դարձնի թատերական ներակայացումների բեմ»,- ասաց Գալուստ Սահակյանը: