Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությունը տապալվեց

MHM91967 copyԱզգային ժողովը փետրվարի 23-ին 68 դեմ, 4 կողմ ձայնով չընդունեց Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծը, որը Պետական-իրավական հարցերի հանձնաժողով էր ներկայացվել փետրվարի 20-ին:

Քվեարկությունից  առաջ «Ժառանգություն» խմբակցությունից  Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց նախագիծը  քվեարկության դնել ընդդիմադիր դաշտում լիակատար քննարկումից և ամբողջացումից հետո, քանի որ հակառակ պարագայում այն հաջողություն ունենալ չի կարող:

Ի պատասախան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագիծն արդեն մի քանի ամիս է՝ գոյություւն ունի, և որևէ մեկը առաջարկով հանդես չի եկել, չնայած որ ինքը թե՛ նախագիծը ներկայացնելիս, թե՛ դրանից հետո պատրաստակամություն է հայտնել ցանկացած առաջարկ, որն ուղղված կլինի Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, ներառել դրանում, ուստի այն դնում է քվեարկության:

«Ժառանգություն» խմբակցությունից  Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ կողմ է քվեարկելու նախագծին, որովհետև չի հասկանում՝ ինչպես կարելի է տարիներ շարունակ հրապարակներում խոսել Սարգսյանի հրաժարականի մասին և չօգտագործել պատեհ առիթը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ՀԱԿ-ի տեսակետը՝ ասելով, որ դեմ է քվեարկելու: ՀԱԿ-ը թեև ընդունում է Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու բոլոր նախադրյալները, սակայն այս պահին նախագիծը չի քննարկվել ոչ միայն ըննդիմադիր դաշտի, այլև խմբակցության ներսում: «Մենք չենք կարծում, որ այս կարևոր հարցը պետք է քաղաքականապես ոչ հարմար պահին դնել քվեարկության, չհավաքել համապատասխան ձայներ և այն դարձնել դիվիդենտ իշխանության ձեռքին»,- ասաց Զուրաբյանը:

Փաշինյանը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ նախագիծը խորհրդարան էր ներկայացրել անցյալ տարվա դեկտեմբերին:

ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, քանի որ առավոտյան բոյկոտել էր խորհրդարանի նիստը և լքել դահլիճը: